«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի վերջին հրաժեշտը:

Հազարավոր քաղաքացիներ եկել էին հրաժեշտ տալու մեծանուն երգչուհուն: Եկել էին նաև իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Անշուշտ, Օֆելյա Համբարձումյանը հատկապես ժողովրդական երգերի իր սքանչելի կատարումներով, իր արվեստով, հայկական մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդով արժանացել է համաժողովրդական հարգանքի ու մեծարման: Կանցնեն տասնամյակներ, իսկ սերունդները կշարունակեն վայելել նրա երգերը:

Մի խոսքով, և հուզիչ էր, և հանդիսավոր, տեղը տեղին ու մեկ էլ… Երեկ հազարավոր քաղաքացիների խիստ զայրացրել էր այն փաստը, որ Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստի արարողությանը մանկահասակ երեխաների էին բերել, դաղագի մոտ շարել, երեխաների հագուստին ամրացրել Ցեղասպանության անմոռուկներ հիշեցնող ժապավենները:

Թե դա ում գաղափարն է եղել, երեխաներին բերել այդտեղ ու այդ անմոռուկներով թատրոն սարքել՝ առայժմ անհայտ է: Բայց պարտադիր պետք էր երգչուհու հոգեհանգստի արարողությունը հարամել, չէ՞: Առանց դրա հնարավոր չէր»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: