Մեկ դար առաջ արված լուսանկարում՝ Երևանի «Անգլիական այգու» մուտքն է, այն` Երևանում առաջին հասարակական զբոսայգին էր: Ձախ կողմի շենքը՝ քաղաքային խորհրդի (դումայի) և գործադիր մարմնի (ուպռավայի) շենքն է, իսկ աջից՝ Եղիազարյանի վաճառատունը: Այդ շինությունները հիմա չկան, իսկ փաստորեն Երևանի առաջին քաղաքապետարանի շենքի տեղում տեղակայված է «Կոնգրես» հյուրանոցը:
Այգին գտնվում էր ներկայիս Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցների միջև։ Այն այժմ էլ կա և կոչվում է նաև Թատերական, քանի որ հարևանությամբ՝ Սունդուկյանի անվան թատրոնն է, իսկ խորհրդային տարիներին այգին վերանվանվեց 26 կոմիսարների անունով, որը կրճատվելով՝ դարձավ «Կոմայգի»։
Այգու բարեկարգման աշխատանքները սկսվել էին դեռևս 19-րդ դարի վերջից: Այդ գործընթացում 20-րդ դարասկզբին մեծ ներդրում ունեցավ Երևանի քաղաքագլուխ Հովհաննես Մելիք-Աղամալյանը, որն ի դեպ սերում էր տոհմիկ երևանյան ազնվական ընտանիքից: Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից, բացվեցին նոր ծառուղիներ, դրվեցին դեկորատիվ ծաղկամաններ և անգամ անցուղիները ծածկվեցին խճաքարով։ Զբոսայգին կառուցվեց եվրոպական ոճով, և դա էր պատճառը, որ այն կոչվեց «Անգլիական»։ Երևանի «Անգլիական այգին» պաշտոնապես բացվեց 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: