Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը բավական օգտակար էր. այս մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշեց, որ սա մայիսին Վիեննայում կայացած հանդիպման տրամաբանական շարունակությունն էր, որի ընթացքում կարևոր պայմանավորվածություններ էին ձեռք բերվել:

«Այդ պայմանավորվածությունների համաձայն՝ պետք է պայմաններ ստեղծվեին բանակցային գործընթացը վերսկսելու համար: Վիեննայում եռանախագահող երկրների նախարարների մակարդակով հայտարարություն արվեց, որում արտացոլված էին այն պայմանավորվածություններն ու հանձնառությունները, որ կողմերը վերցրել էին. առաջին հերթին կարգավորում բացառապես խաղաղ ճանապարհով, նաև՝ 94-95 թվականների եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերի հարգում: Դրա կարևորության մասին հատուկ շեշտեցին եռանախագահող երկրների նախարարները, ընդգծեցին նաև հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծումը, որով կփաստվեն միջադեպերը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև ԵԱՀԿ թիմի կարողությունների ընդլայնման մասին խոսք գնաց»,- նշեց նախարարը:

Նալբանդյանի խոսքերով հայկական կողմն աշխատում է եռանախագահողների հետ այդ երկու առաջարկությունների վրա:

«Ցավոք, կարող ենք ասել, որ Ադրբեջանը մինչ այսօր այդքան կառուցողական մոտեցում չէր ցուցաբերում այս հարցի վերաբերյալ: Իրենք ԵԱՀԿ-ի ֆինանսական ու բյուջետային հանձնաժողովում խոչընդոտեցին մշտական ներկայացուցչի դիտորդական խմբի ընդլայնման ֆինանսավորմանը: Իսկ այսօր հանդիպմանը նախագահների մակարդակով ևս մեկ անգամ վերահաստվեց, որ խումբը պետք է ընդլայնվի, և դրա մասին նշվեց նաև նախագահների համատեղ հայտարարությունում»,- փաստեց ԱԳ նախարարը:

Այդուհանդերձ, խնդիրը մնում է նշված մեխանիզմները կյանքի կոչելու մակարդակում, քանի որ դրանց մասին առաջին անգամ չէր, որ խոսվում էր: Նման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կողմերը պայմանավորվել էին առնվազն երկու անգամ նախագահների մակարդակով դեռ Սոչիում՝ 2011-2012թթ-ին: Արդյունքում կրկին նույն բանն էր պատահել. ամեն անգամ Ադրբեջանը փորձել էր ետքայլ կատարել:

«Որոշակի զգուշավորությամբ, սակայն, կարող եմ ասել, որ նաև կառուցողական մթնոլորտում էր: Որոշ հարցերի շուրջ նախագահներն այն ըմբռնման եկան, որ եթե այդ հարցերի շուրջ պայմանավորվածություն լինի, ապա հնարավոր կլինի բանակցային գործընթացն առաջ շարժել՝ դեպի հիմնախնդրի կարգավորման առաջընթաց: Այս մասին նաև նշված է հայտարարության մեջ, որն ընդունվել է նախագահների կողմից հանդիպման արդյունքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները նախարարների, նախագահների մակարդակով, նաև՝ այս ամբողջ գործընթացն ընթանալու է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում: Պատահական չէր, որ նախագահների հանդիպման եզրափակիչ մասին եռանախագահող երկրների դեսպանները հրավիրվեցին մասնակցելու: Բացի այդ, ՀՀ Նախագահն առանձին հանդիպում ունեցավ եռանախագահների՝ ներկայացնելով մեր տպավորություններն այս գագաթնաժողովի արդյունքներից»,- եզրափակեց նա: