«Առաջընթաց չէր սպասվում, մանավանդ, Ալիևը նախորդ օրն անհեթեթ հայտարարությամբ էր հանդես եկել: Բայց, կարծում եմ, որ այս հանդիպումով թեկուզ մի քայլ առաջ կատարեցինք դեպի խաղաղություն». այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ինչպես նշել է նա, եթե կողմերը ցանկանում են, որ լուրջ առաջընթաց ունենանք ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, պետք է Ադրբեջանը կատարի 1994-95թթ. զինադադարի պայմանագրի բոլոր կետերը:
«Առանց ԼՂՀ ամբողջական մասնակցության, չենք կարող ակնկալել խնդրի թռիչքային առաջընթաց: ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, ԼՂՀ-ն երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, ԼՂՀ հասարակությունը պետք է օգտվի նույն այն իրավունքից, որից օգտվեց Շոտլանդիայի հասարակությունը. ինչո՞ւ իրենք կարող են, բայց արցախցին՝ ոչ»,- մանրամասնեց նա: