ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնից տեղեկանում ենք, որ ըստ 2015թ. նախնական տվյալների ք. Երևանի մահվան դեպքերն՝ ըստ գրանցումների, կազմել են 9264:
Նշված դեպքերից 37,9% կազմում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով արձանագրված մահացության դեպքերը: Նորագոյացությունների հետևանքով մահվան դեպքերը կազմում են 24,8 %, ընդհանուր դեպքերից 9,2 % մահացության պատճառը շնչառական օրգանների հիվանդություններն են, իսկ մարսողական օրգանների հիվանդությունների պատճառով դժբախտ դեպքերը արձանագրվել են 6,3%:
Իսկ ՀՀ առողջապահության նախարարության ոչ պաշտոնական տվյալների համաձայն 2015 թվականին ՀՀ ծննդօգնության բժշկական կազմակերպություններում արձանագրվել է մայրական մահացության 5 դեպք:
Yelaket.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մանկաբարձական բոլոր ծանր դեպքերը ուղեգրվում են Երևան քաղաքի բազմապրոֆիլ , 3-րդ մակարդակի բժշկական կազմակերպություններ, որոնք ունեն վերակենդանացման բաժանմունքներ:
Հետևաբար, մայրական մահացության 5 դեպքերից 2 կին ուղեգրվել են Արմենիա բժշկական կենտրոն (Վեդու ծննդատնից և Արմավիրի բժշկական կենտրոնից) և 3 կին ուղեգրվել են Էրեբունի բժշկական կենտրոն (մեկը Գյումրիից, մեկը Շենգավիթի բժշկական կենտրրոնից, իսկ երրորդը Երևան քաղաքի բնակիչ է եղել, սակայն նախածննդյան հսկողության տակ չի եղել և ծանր վիճակում ընդունվել է Էրեբունի բժշկական կենտրոն):


