Ստրասբուրգում շարունակվում են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները. այսօր Վեհաժողովը քննարկել է մշակույթի և ժողովրդավարության խնդիրներին առնչվող զեկույց։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայի ներկայիս տարածքում հայկական մշակութային հետքի հետևողական ոչնչացման մասին՝ նշելով, որ 1915 թվականի Ցեղասպանությունից հետո Թուրքիան սկսեց հետևողականորեն իրականացնել մշակութային Եղեռն, որի նպատակը հայերի՝ նաև մշակութային ժառանգության վերացումն է։ ԲՀԿ ղեկավարը ներկաներին ցուցադրել է Թուրքիայի տարածքում գտնվող հայկական ավերված ու անասնագոմի վերածված եկեղեցիների նկարներ։
Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Հարգելի գործընկերներ,
Ես կդժվարանամ մտաբերել, թե այս ամբիոնից մենք քանի անգամ ենք խոսել մշակույթի և ժողովրդավարության, ԵԽ անդամ երկրներում ազգային փոքրամասնությունների կրոնական և մշակութային ժառանգությունը պահպանելու և հարգելու կարևորության մասին, նաև այն մասին, որ մշակութային վանդալիզմը տեղ չպիտի ունենա մեր կառույցի անդամ որևէ երկրում։
Մեր գործընկեր Վեսնա Մարժանովիչը կարևորագույն խնդրի է անդրադարձել և ես համաձայն եմ զեկուցողի այն մեջբերման հետ, որ այսօր, մեր վտանգավոր աշխարհում, մշակույթը դարձել է անվտանգության հարց։ Այո, տիկին Մարժանովիչ, դուք իրավացի եք, երբ ասում եք, որ մշակույթը հզոր միջոց է ազգային փոքրամասնությունների համար՝ պահպանելու իրենց ինքնությունը, և որ մշակույթը հզոր գործիք է՝ կանխելու ծայրահեղականությունն ու անհանդուրժողականությունը, ինչը ներկայիս աշխարհի մարտահրավերներից է։
Բայց ես չեմ կարող համաձայնել ձեզ հետ, որ Թուրքիան, ինչպես դուք եք նշում, դրա լավագույն օրինակներից է։ Միգուցե սեփական մշակույթը պահպանելու գործում Թուրքիան ձեզ համար կարող է օրինակ լինել, բայց ձեր փոխարեն ես կհետաքրքրվեի, թե նույն այդ Թուրքիան ինչպե՞ս է վերաբերում ազգային փոքրամասնությունների մշակույթին և կրոնին։ Ձեր փոխարեն ես կհետաքրքրվեի, թե ինչպե՞ս են Թուրքիայի ներկայիս տարածքում ավերվել հայկական եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները։
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների, Թուրքիայի ներկայիս տարածքում մի քանի հազար հայկական եկեղեցական կոթողների գերակշիռ մասը ոչնչացվել է։
1915 թվականի Ցեղասպանությունից անմիջապես հետո Թուրքիան սկսեց հետևողականորեն իրականացնել մշակութային Եղեռն, որը մինչ օրս շարունակվում է։ Թուրքիայում հայ մշակույթի հանդեպ իրագործվող Եղեռնը մեկ նպատակ էր հետապնդում՝ վերացնել հայերի նաև մշակութային ժառանգությունը։ Ընդամենը շաբաթներ առաջ հենց թուրքական մամուլը ահազանգեց, որ Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող պատմական Խարբերդ քաղաքի հայկական բողոքական կիսավեր եկեղեցին, որը թուրքերը օգտագործում են որպես անասնագոմ և ավտոկայանատեղի, վերականգնելու փոխարեն պատրաստվում են քանդել, իսկ բացառիկ եկեղեցու տեղում մտադիր են հյուրանոց կառուցել: Թուրքիայում և նրա եղբայր Ադրբեջանում, որտեղ հողին հավասարեցվեց Ջուղայի պատմական խաչքարերի գերեզմանոցը, պետականորեն ծրագրավորված՝ փորձում են վերացնել ցանկացած հայկական հետք:
Ուզում եմ հուսալ, որ ձեր հաջորդ զեկույցում դուք ահա այս կարևոր խնդիրներին ևս կանդրադառնաք։
Եվ քանի որ խոսեցինք Թուրքիայից, հարգելի գործընկերներ, Գերմանիայի Բունդեսթագի ազգությամբ թուրք 11 պատգամավոր, ովքեր հունիսի 2-ին կողմ քվեարկեցին Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, Էրդողանի և թուրք ծայրահեղականների կողմից ենթարկվում են լրջագույն սպառնալիքների։ Անհրաժեշտ է կանխել թուրքական այս ֆաշիզմը, որովհետև մենք գիտենք, թե ի՞նչ է նշանակում լինել երիտթուրքերի ժառանգորդը։