«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր հարցերին պատասխանում է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը։

- Ճիշտն ասած, ինձ համար «սառը ցնցուղի» պես բան էր, երբ իմացա, որ անդամագրվել եք «Համախմբում» կուսակցությանը։ Ենթադրելի էր, որ ՄԻՊ պաշտոնից հրաժարական տալուց հետո պետք է նախընտրեիք զբաղվել իրավաբանությամբ՝ չխառնվելով քաղաքականությանը։ Այսուհետ զբաղվելու եք քաղաքակա՞ն գործունեությամբ։

- Ես զբաղվելու եմ քաղաքականությամբ և, դրանով հանդերձ՝ իրավապաշտպանությամբ, որովհետև այսօր եթե քաղաքական ուժերը ճիշտ աշխատեն, առաջին իրավապաշտպանն իրենք պետք է լինեն։

- Իսկ ի՞նչը գրավեց Ձեզ «Համախմբում» կուսակցության մեջ, որ հատկապես հենց այն ընտրեցիք։

- Իմ պատկերացմամբ՝ ամենասկզբունքային թիմերից մեկն է այստեղ հավաքված, և թիմի որակն ու սկզբունքայնությունն ինձ գրավիչ թվացին։

- Մամուլում տեսակետ էր արտահայտվել, որ «Համախմբում» կուսակցության նկատմամբ կա շատ զգուշավոր վերաբերմունք, հանրային շատ դեմքեր խուսափել են անդամակցել այդ կուսակցությանը, և միայն Դուք եք, որ գնացել եք նման քայլի։

- Ես չեմ կիսում այդ տպավորությունը և այդ կարծիքը։ Շատերը կան, որոնք հրապարակային կամ ոչ հրապարակային համամիտ են այն արժեքներին, որոնք կան «Համախմբում» կուսակցության ներսում։

- Հիմա Դուք, փաստորեն, ընդդիմադի՞ր եք լինելու գործող իշխանությանը։

- Մենք արդեն եղել ենք և այդպիսին էլ շարունակելու ենք մնալ, մինչև չփոխվեն իրավիճակը և վատ երևույթները, որոնք կան Հայաստանում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: