Արդեն երկրորդ օրն է՝ ԱԺ-ում շարունակում է արտահերթ նիստերի շարքը: ՀՀ Ընտրական օրենսգիրքի քննարկումներն անցնում են գրեթե դատարկ դահլիճում: Բացի այդ, պատգամավորները խոսում են ամեն ինչից, բացի բուն նյութից: Ընդդիմադիրների սեկտորում տարօրինակ ու մի տեսակ մազոխիստական քաղաքականություն է տարվում: Իշխանությունն իր հերթին գնում է մի տեսակ սադիստական քայլի, նշելով, որ «հնարավոր զիջումներն ու առաջարկներն ընդունվել են, հիմա էլ ի՞նչ անենք»:

Տարօրինակ է հատկապես այն, որ քննարկումների ժամանակ խոսվում էր ամեն ինչից, բացի կոնսեսուսի եկած հիմնական չորս հարցերից: Ընդդիմադիր հատվածը խոսում էր Արցախից, մոսկովյան ու ստրասբուրգյան թեմաներից: Տպավորություն է, որ քաղաքական որոշ գործիչներ փորձում են վիժեցնել ԸՕ-ի շուրջ ձեռք բերված փոխհամաձայնությունը:

Ակնհայտ է, որ ԱԺ-ում թեպետ արդեն ճամպրուկային տրամադրություն է և օրենսդիրները պատրաստվում են արձակուրդ գնալ, սակայն դրան զուգահեռ որոշ քաղաքական ուժեր ակնհայտ նախընտրական կամպանիայի մեջ են իրենց պատկերացնում, ԱԺ ամբիոնը գրկած բարձրացնում են այնպիսի խնդիրներ, որոնք ԸՕ-ի հետ որևէ աղերս չունեն: Քննարկումների և բսրձրացված հարցերի ցանկը բավականին երկար էր ու բազմաժանր, Հռոմի Պապի այցն ու Բրիտանիայի հանրաքվեն, Արթիկի ջրհեղեղն ու Սերժ Սարգսյանի այցը Սանկ-Պետերբուրգ:

Հարկ եմ համարում փաստել, որ ԸՕ-ն նախորդ անգամ ընդունվեց 102 կողմ ձայնով, որը, ինչ խոսք, խոսում է լայն կոնսոլիդացիայի մասին:

Պատրաստեց՝ Արմեն Հովասափյանը: