Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու տուրիստական գործակալության գրասենյակից «iPhone 6» բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը։

2016 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 16:45-ից 17:30-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող տուրիստական գործակալություններից մեկում ՝ սեղանի վրայից հափշտակել է «iPhone 6» բջջային հեռախոս՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է տուրիստական գործակալությունում տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես է սև հագուստով կինը սեղանի վրայից վերցնում հեռախոսը, դնում իր պայուսակի մեջ ու հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված կնոջը կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: