«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախատեսում է ընթացիկ տարում Երևանում 50 հազար բաժանորդների շրջանում ներդնել նոր հաշվիչներ` էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է ընկերության էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգերի վարչության պետ Միքայել Կուդոյանը: Նրա խոսքով` հաշվիչ համակարգի արդիականացումը ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի մի մաս է կազմում ու սպառողների համար չի ստեղծում լրացուցիչ բեռ:
«Այս համակարգը բաժանորդներին թույլ կտա առցանց տարբերակով տեղեկանալ իրենց հաշվիչների ցուցմունքներին: Բաժանորդը ստանում է մուտքանուն և գաղտնաբառ, որից հետո հասարակ ընթացակարգով մուտք գործում համակարգի մեջ: Նա տանը նստած կարող է տեսնել իր ծախսը մեկ ժամ, մեկ օր առաջ: Եթե լինեն միջամտություններ, բաժանորդներն անմիջապես կտեսնեն»,-ասաց Կուդոյանը` հավելելով, որ այս համակարգի ներդրմամբ բաժանորդների վստահությունը բավականին կբարձրանա ցանցի նկատմամբ:
Նա նկատեց, որ «տեսուչ-էլեկտրիկ» երևույթը կվերանա, բայց այդ մասնագետները, փոխելով իրենց որակավորումը, կդառնան նշյալ համակարգի սպասարկողներ:
«Շատ մարդ չի զրկվի աշխատանքից: Տեսուչ-էլեկտրիկներից լավագույնները, ովքեր արժանի են մնալ ու իրենց գիտելիքները ծառայեցնել այս համակարգին, կորակավորվեն ու կշարունակեն աշխատել»,-հայտնեց Միքայել Կուդոյանը: