ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածել՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի մասին:
Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
Հաշվի առնելով կատարված հանցագործության մեջ ընդգրկված անձանց քանակը, աննախադեպ բնույթն ու հասարակական մեծ հնչեղությունը, տեղեկացնում ենք, որ քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ մի շարք քաղաքացիներ, գիտակցելով, որ իրենց անվամբ որևէ գույք հաշվառված չէ և չունեն մշտական եկամուտներ ու պարտադիր վճարման ենթակա գումարները իրենցից չեն կարող բռնագանձվել, գույքային օգուտ ստանալու անձնական շահագրգռվածությունից, իսկ որոշ դեպքերում նաև՝ աշխատանքային առավելություններ ձեռք բերելու անձնական դրդումներից ելնելով՝ գույքի տիրապետողին խաբեությամբ խոշոր և առանձնապես չափի գույքային վնաս պատճառելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության են եկել թանկարժեք ավտոմեքենաների, ինչպես նաև տաքսի ծառայության սեփականատերերի հետ՝ որոշակի ժամանակահատվածի համար նրանց կողմից թույլ տրվելիք ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված, վճարման ենթակա տուգանքները վերագրել իրենց և այդ կերպ՝ խուսափել վճարումից:
Այդ նպատակով անվճարունակ անձինք ՀՀ ճանապարհային ոստիկանությունում խաբեությամբ ներկայացրել են իրենց և ավտոմեքենաների սեփականատերերի անուններով լրացված կեղծ տեղեկատվություն պարունակող դիմումներ այն մասին, թե, իբր, թանկարժեք ավտոմեքենաները կամ տաքսի ծառայության բոլոր մեքենաները այսուհետ վարելու կամ արդեն իսկ վարել են իրենք և խնդրել են ճանապարհային երթևեկության կանոնների հետագայում հնարավոր կատարվելիք և արդեն իսկ կատարված խախտումների համար նախատեսված վարչական տույժերը նշանակել իրենց անուններով: Ներկայացված դիմումների հիմքով ՀՀ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել են համապատասխան փոփոխություններ և այդ ավտոմեքենաներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին ավելի քան 3.000 որոշումները կայացվել են անվճարունակ քաղաքացիների անվամբ և ուղարկվել նրանց հասցեներով: Որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել և արդեն իսկ նշված պատճառներով չէին կարող գանձվել, որի հետևանքով գույքի տիրապետող ՀՀ ճանապարհային ոստիկանությանը խաբեությամբ պատճառվել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Վերը նշված հանցավոր արարքները կատարելու համար 12 անձանց, այդ թվում՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց, առաջադրվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար: Քրեական գործով մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ, այդ թվում՝ կալանավորում:
Նշված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, այդ իսկ պատճառով անմեղության կանխավարկածը չխախտելու նպատակով չեն հրապարակվում մեղադրյալների անձնական տվյալները:
Քրեական գործով կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ և ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նույն եղանակով գույքի տիրապետողին խաբեությամբ վնաս պատճառելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց սպառիչ ցանկը բացահայտելու և քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Նախաքննության ընթացքում գործուն միջոցներ են ձեռնարկվում գույքի տիրապետողին պատճառված վնասները վերականգնելու ուղղութամբ:
Հիշյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Նախաքննական մարմինը շարունակում է միջոցներ ձեռնարկել նմանօրինակ դեպքեր բացահայտելու ուղղությամբ: Այն քաղաքացիները, որոնք տվյալներ ունեն նմանատիպ մեխանիզմներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված, վճարման ենթակա տուգանքները այլ քաղաքացիների անուններով գրանցելու վերաբերյալ, խնդրվում է դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (հասցեն՝ Վ. Վաղարշյան 13ա, հեռ. 011 900-035, 011 900-011, էլ. փոստ՝ [email protected]): Տվյալներ տրամադրող անձանց գաղտնիությունը երաշխավորվում է:
Միաժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հորդորում է քաղաքացիներին՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նշանակված վճարման ենթակա տուգանքների վճարումից խուսափելու նպատակով դրանք չվերագրել անվճարունակ անձանց:
Այդ գործողություններն իրենց մեջ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Այդպիսի արարք թույլ տալու դեպքում ոչ միայն քաղաքացին չի խուսափի ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նշանակված, վճարման ենթակա տուգանքների վճարումից, այլև պետք է հիշել, որ արարքը քրեորեն հետապնդելի է: