Դեռևս 2016-ի հունիսի 25-ին ՀՔԾ հաղորդագրություն էր տարածել, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ խաբեությամբ՝ նախնական համաձայնության գալով, որպես կանոն, թանկարժեք մեքենաներ ունեցող և վճարունակ անձանց հետ, նրանց հասցեագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ կազմված վարչական ակտերն իրենց անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ են ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, ապա վերահասցեագրումից հետո նախատեսված գումարները չեն վճարել:
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ արդյունքում, այս գործով 12 անձ, այդ թվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել: Երեկ հայտնի դարձավ, որ վերը նկարագրված ճանապարհով անվճարունակ քաղաքացիների անուններով ՃՈ-ն դուրս է գրել շուրջ 3 հազար վարչական ակտ:
Օրաթերթի տեղեկություններով՝ 12 մեղադրյալներով այս գործը չի սահմանափակվի, նրանց թիվը կշարունակի աճել, որոնց թվում կլինեն նաև պաշտոնատար անձինք: Չի բացառվում` գործը հասնի նաև ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանին:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: