Կարևորելով նման դասընթացների դերակատարությունը բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ, Սեյրան Օհանյանը նշեց, որ սկսվում է գործընթաց, որի շրջանակում պետք է ուսումնասիրվի հայ ժողովրդի 4000-ամյա պատմությունն ու վերստին արժևորվի հայկական բանակի դերակատարությունը: «Պետք է ուսումնասիրել եւ ապացուցել մի հասարակ բան, որ եթե ուզում ենք ևս 4000 տարի այս երկրագնդի վրա ապրել, ապա պետք է հասկանանք, որ ամեն օր մեզ պետք է հայկական բանակ և ամեն օր հայկական բանակն իր ռազմական պատմության ուսումնասիրմամբ պետք է կատարելագործվի և հասնի կատարելության այնպիսի աստիճանի, որ համապատասխանի մեր ժամանակի պահանջներին»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հույս հայտնելով, որ դասընթացի անցկացումը կդառնա ավանդական: Իր խոսքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ եթե հայ ժողովուրդը չունենար ռազմագիտության վերաբերյալ շարունակական հստակ գիտելիքներ ու չկարողանար դրանք հմտորեն կիրառել, ապա Արցախյան հերոսամարտի ժամանակ էլ չէինք կարող ունենալ հաղթանակներ: «Շատ բան ունենք սովորելու նաև Արցախյան ազատամարտից: Կարծում եմ, որ այդ ամենի մեջ պետք է գաղափար ու հոգի դնենք: Այսօր փորձում ենք ռազմական գիտության ուսումնասիրության արդյունքում մեր առօրյա ռազմական պատրաստությունն այնպիսի ուղով տանել, որ դրա մեջ գաղափար լինի: Գաղափարի ներքո ունեցած պատրաստությունը հիմնական է և յուրաքանչյուր զինծառայող կարող է իր գիտելիքներն օգտագործել նաև հետագայում՝ զորահավաքային միջոցառման ժամանակ, իրականացնել իր առջև դրված խնդիրները»,- ասաց նախարարը:
Հանդիպման ժամանակ ունկնդիրներին ողջունեցին և դասընթացի անցկացումը կարևորեցին նաև Ամառային դպրոցի դասախոսական կազմի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ «Ռազմական պատմություն» ամառային դպրոցի չորսշաբաթյա դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել տարբեր ռազմական փորձագետների, պատմաբանների, ռազմական վերլուծաբանների, ունկնդրել դասախոսություններ և ծավալել թեժ քննարկումներ: Դպրոցի նպատակն է ծանոթացնել երիտասարդներին հայ ռազմարվեստին և համաշխարհային ռազմական պատմության առանցքային հարցերին: Ամառային դպրոցին մասնակցում են ՀՀ բուհերի 3-րդ և բարձր կուրսի ուսանողներ, մագիստրանտներ ու շրջանավարտներ: