«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում գրում է, որ 2016 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի Մեհրաբի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ երեկվա դրությամբ իրավապահ համակարգը բացառել է այն հանգամանքը, որ զինվորը հրազենային մահացու վիրավորումը ստացել է հակառակորդի կողմից: Ասել է, թե նախաքննություն իրականացնող մարմինը քննում է ինքնասպանության կամ սպանության հասցնելու վարկածը… «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ զինվորին մահացած վիճակում առաջինը հայտնաբերել է մարտական դիրքում հերթապահություն իրականացնող մեկ այլ զինծառայող:

Սպանվածն իր գլխարկը հանած, մի կողքի դրած է եղել: Երբ իրավապահները հարցաքննել են նրա ծառայակից ընկերներին, նրանք միայն դրական կարծիք են հայտնել Արսեն Մխիթարյանի մասին՝ նշելով որ նա կոնֆլիկտային երիտասարդ չէր և խնդիրներ իրենց հետ երբեք չի ունեցել:

Լուրեր կան, որ Արսեն Մխիթարյանի մոտ հեռախոս է եղել, ինչը, ամենայն հավանականությամբ, իրավապահները կստուգեն՝ հասկանալու համար, թե արդյո՞ք տղան ինքնասպանության է գնացել հեռախոսով խոսելուց հետո, թե այլ խնդիր կա:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: