«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում գրում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում շարունակում են նոր կուսակցություններ ձևավորվել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հերթական նոր կուսակցությունը պատրաստվում է հիմնել ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, 17 տարի շարունակ` 1995-ից 2012 թվականը, եղել է ԱԺ պատգամավոր: Դալլաքյանն այս ընթացքում մեկ անգամ է կուսակցական եղել` 1999-ի մայիսի 30-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա ընդգրկված էր Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքում, եղել է ՀՀԿ անդամ: Սակայն հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից և «Միասնություն» դաշինքի փլուզվելուց հետո դուրս է եկել ՀՀԿ-ից և գործել է որպես ընդդիմադիր գործիչ: Խորհրդարանական երկու` 2003-ի եւ 2007-ի ընտրություներում նա կարողացել է որպես ընդդիմադիր թեկնածու մեծամասնական ընտրակարգով Վանաձորն ընդգրկող ընտրատարածքից ընտրվել պատգամավոր: Վիկտոր Դալլաքյանը մշտապես եղել է խորհրդարանի ամենաակտիվ և ամենաշատ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկող պատգամավորներից մեկը:

Ինքը՝ Դալլաքյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է նոր կուսակցություն ստեղծելու մասին լուրերը: Սակայն փաստն այն է, որ ներկայումս ընթանում են ստեղծվելիք կուսակցության գրասենյակի վերանորոգման աշխատանքները, և աշնանն այդ մասին արդեն պաշտոնապես կհայտարարվի: