Բոլորն էլ գիտեն 20-րդ դարասկզբի Թիֆլիսի և Բաքվի մեծահարուստ-բարեգործների մասին, սակայն Երևանն էլ է ունեցել իր բարեգործներին, և նրանցից էր Եսայի Ջանփոլադյանը (1859-1918)՝ հայ բարերարը, հասարակական գործիչն ու առևտրականը։
Եսայի Ջանփոլադյանը ծնվել է Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազ (ներկայումս՝ Նախիջևանի կազմում) գավառի Պորշարուր գյուղում: 1879-ին ավարտել է Նախ
իջևանի գավառային ուսումնարանը, սովորել Էջմիածնի ճեմարանում, այնուհետև հաստատվել Երևանում։ Ջանփոլադյանի հայրը Դարալագյազի աղի հանքերի սեփականատերն էր և խոշոր առևտրական: Հոր մահից հետո Եսային հաջողությամբ շարունակում է հայրական գործը և շուտով ստանում 1-ին գիլդիայի վաճառականի կոչում։ Նա հիմնականում առևտուր էր անում Պարսկաստանի հետ, և պատահական չէր, որ 1900 թվականին, պարսից շահի Երևան պաշտոնական այցելության ժամանակ, Ջանփոլադյանը շահի հատուկ հրամանագրով պարգևատրվեց պատվավոր «Առյուծ և Արև» շքանշանով:
Ջանփոլադյանը հայտնի է որպես Երևանի առաջին թատրոնի հիմնադիր: 1903-ին նա ձեռք է բերում Երևանի գավառային ուսումնարանի հին շենքը (սովետական տարիներին՝ Սպայի տուն), վերակառուցում և ընդարձակում է շինությունը՝ դարձնելով այն հարմարավետ դահլիճով ու բեմով թատրոն, որն այդպես էլ անվանվեց՝ Ջանփոլադյանի թատրոն (հետագայում՝ կինո «Իլյուզիոն»)։ Թատրոնը մեծ շուքով բացվեց 1907-ի փետրվարի 20-ին։ Մեկ տարի անց թատրոնի դահլիճում համերգով ելույթ ունեցավ Կոմիտասը՝ իր երգչախմբի հետ։ Այստեղ հյուրախաղերով հանդես են եկել բազմաթիվ թատերական խմբեր Թիֆլիսից, Բաքվից, Ռուսաստանի քաղաքներից, իսկ 1912-ին՝ նաև Գերմանիայի օպերային արտիստները։ Թատրոնում խաղացել են մեծ դերասաններ Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը, Ժասմենը, Հովհաննես Զարիֆյանը, Արամ Վրույրը, իսկ 1913-ին այստեղ բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ կոմպոզիտորի մասնակցությամբ։
Եսայի Ջանփոլադյանը մշտապես զբաղվել է բարեգործությամբ՝ գումար է հատկացրել հին եկեղեցիների վերանորոգմանը, հովանավորել է դպրոցներ, հիմնադրամներ, թոշակ հատկացրել կարիքավոր ուսանողներին, աջակցել Երևանում լույս տեսնող «Նոր մամուլ» թերթի և «Կռան» ամսագրի հրատարակությանը, և այլն։ Ակտիվ էր նաև քաղաքական կյանքում՝ հանդիսացել է Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերության պատվավոր անդամը, 1916-ին ընտրվել է Սանկտ Պետերբուրգում գումարված համահայկական 1-ին համագումարի պատգամավոր։ Համագումարի խնդիրներն էին՝ կազմակերպել գաղթական հայերի օգնությունը տեղերում, և հենց այդ գործին էլ ձեռնամուխ եղավ Երևանում Եսայի Ջանփոլադյանը իր կյանքի վերջին երկու տարիներին:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: