Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվել են վարորդների վերապատրասման աշխատանքները՝ ուսուցման նոր մեթոդով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ մեկ ամսվա ընթացքում շուրջ 300 զինծառայող ավտոմոբիլային ծառայության ղեկավար Սերգեյ Յասկոյի ղեկավարությամբ կսովորեն ճիշտ կողմնորոշվել լեռնային շրջաններում և էքստրեմալ պայմաններում՝ ծովի մակարդակից 2 հազար մետր բարձրության վրա: Ուսումնական վարժությունների ընթացքում կօգտագործվի ժամանակակից անիվային տեխնիկան՝ «Մուստանգ» մակնիշի КамАЗ-ներ, УАЗ, Урал, БТР և «Тигр» մակնիշի ռազմական մեքենաներ:

Նշվում է, որ մինչ այդ շուրջ մեկ ամսվա ընթացքում «Կահմուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում վարորդներն ամբողջությամբ յուրացրել են մեքենաների տակտիկա-տեխնիկական հնարավորությունները: Բացի այդ, ռուս զինծառայողները Հայաստանի մայրուղիներով 30, 100 և 300-կիլոմետրանոց արշավներ են իրականացրել ցերեկվա և գիշերվա ժամերին՝ այդպիսով ծանոթանալով անվային տեխնիկայի կառավարման նրբություններին:

Հայաստանում ռուսական ռազմաբազայի վարորդների վերապատրաստման հիմնական նպատակը նախանշված երթուղին գիշերվա ու ցերեկվա ժամերին, ցանկացած եղանակայ ին պայմաններում առավելագույն արագությամբ բարեհաջող անցնելու կարողությունների զարգացումն է քարտեզի, կողմնացույցի, ժամացույցի օգտագործմամբ և GPS ու ГЛОНАСС նավիգացիոն համակարգերի խիստ սահմանափակմամբ: