«Ժողովուրդը» թերթը գրում է, որ երեկ խմբագրություն է այցելել 53-ամյա Մարիետա Խանջյանը և պատմել, որ մտավոր հետամնաց իր 23-ամյա տղային` Գևորգ Գրիգորյանին, Արաբկիր վարչական շրջանի զինկոմիսարիատը որոշել է զորակոչել բանակ:
«Նա ծնվեց շատ դժվար պայմաններում: Ես և Գևորգը կլինիկական մահ տարանք, բայց կենդանի մնացինք: Փոքր տարիքից Գևորգի մոտ նկատվում էին մի շարք տարօրինակություններ` մտավոր հետամնացություն, կարճատեսություն և շատ այլ խնդիրներ»,- պատմել է Գևորգի մայրը:
Ըստ թերթի` Գևորգը մտավոր խնդիրների պատճառով անգամ դպրոցը չի ավարտել:
Տիկին Մարիետայի խոսքով` մայիսի 13-ին Գևորգին կանչել են Արաբկիրի զինկոմիսարիատ, որտեղ բուժաշխատողները ստուգելուց հետո ասել են, թե պիտանի է բանակում ծառայելու:
Թղթակիցը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Ա.Հովհաննիսյանի հետ` պարզելու համար, թե ինչ հրամանի հիման վրա է Արաբկիրի զինկոմիսարիատի ղեկավար Ալբերտ Քարամյանը հիվանդ երեխային բանակ զորակոչում:
«Նախարարը խստագույնս հրահանգել է ամենայն մանրամասնությամբ վերահսկել զորակոչի պրոցեսը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն մի քանի անբարեխիղճ ազատվածներ ունենք, հիմա տարբեր ոլորտի մասնագետների` ռազմական ոստիկաններով, բժիշկներով, հոգեբաններով, գործուղել ենք մարզեր, բացատրական աշխատանք է կատարվում, որ ոչ մի կեղծիքի չգնան: Եվ եթե երեխայի առողջությունն անտեսել են, թող դիմեն համապատասխան հեռախոսահամարով, որը տվել ենք իրենց»,-ասել է մամլո խոսնակը` խնդրելով զորակոչիկի տվյալները, որպեսզի անձամբ զբաղվեն խնդրով:


