Հուլիսի 10-ին «Ստադ դը Ֆրանսում» Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը վիճարկեցին Ֆրանսիան ու Պորտուգալիան, որոնք Հայաստանի հավաքականի մրցակիցներն էին ընտրական փուլում: Նրանք ընդգրկվել էին ընտրական I խմբում, որտեղ Ֆրանսիան որպես ընդունող երկիր դուրս էր մրցակցությունից ու խմբակիցների հետ անցկացրել է ընկերական հանդիպումներ:
Եվրոպայի չեմպիոն դարձած պորտուգալացիները սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթել են հայ ֆուտբոլիստներին, իսկ Երեւանում կայացած խաղում «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն իր հեթ-թրիկով հաղթանակ է բերել իր թիմին (3:2): Դիդյե Դեշամի թիմը Հայաստանում ու Ֆրանսիայում խոշոր հաշվով հաղթանակներ է տարել (3:0, 4:0):
Սա առաջին դեպքը չէր, երբ մրցաշարի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցը դառնում է չեմպիոն:
Եվրո-2000-ի ընտրական փուլում մեր մրցակիցն էր Ֆրանսիան, որը խմբում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ հետագայում նաեւ նվաճել տիտղոսը: «Աքլորները» Ֆրանսիայում երկու անպատասխան գնդակ են ուղարկել մեր ընտրանու դարպասը, իսկ «Հրազդան» ստադիոնում կայացած երկրորդ խաղում Հայաստանի հավաքականին հաջողվել է երկու անգամ գրավել մրցակցի դարպասը, սակայն դա բավարար չէր պարտությունից խուսափելու համար (2:3):
Եվրոպայի հաջորդ առաջնությունում Հայաստանն ընդգրկվեց 6-րդ ընտրական խմբում: Մեր մրցակիցներից էր Հունաստանի հավաքականը, որն անսպասելիորեն խմբում զբաղեցրեց առաջին տեղը՝ շրջանցելով Իսպանիային: Հայաստանի հավաքականը երկու դեպքում էլ պարտվել էր (0:1, 0:2): Արդյունքում հույները դարձան Եվրո-2004-ի գլխավոր հայտնությունը: Օտո Ռեհագելի թիմը չափազանց պրագմատիկ ֆուտբոլի շնորհիվ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ Անգելոս Խարիստեասի խփած միակ գոլը նրան պարգեվեց չեմպիոնի կոչում: