«ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը, որը առավել հայտնի է «Ջերմուկ-Գրուպ»-ի Աշոտ անվանումով (գործարանը պատկանում է Արսենյանին), Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ պատգամավորը նախորդ տարի 5 միլիոն դրամով վաճառել է իր Toyota Camry 2.4 ավտոմեքենան և 12 միլիոն դրամով գնել է Mercedes-Benz E250 D տեսակի ավտոմեքենա, իսկ 20 միլիոն դրամով գնել է մի ընկերությունում բաժնետոմս, որի անունը նշված չի հայտարարագրում:
Պատգամավորը նախորդ տարի հանձնել է 4.6 միլիարդ, 71 միլիոն, 280 միլիոն և 102 հազար դրամ փոխառություն, իսկ իրեն վերադարձրել են 1 միլիարդ, 184 միլիոն, 5.3 միլիոն, 4 միլիոն և 102 հազար դրամ փոխառություն:
Նրա դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 1.2 միլիարդ դրամ և 16 միլիոն ԱՄՆ դոլար, որոնք տարվա վերջում դարձել են 100 միլիոն դրամ և 4 միլիոն դոլար:
Աշոտ Արսենյանի եկամուտները 2015 թվականին գոյացել են աշխատավարձից, շահաբժնից, գույքի օտարումից և տված փոխառություններից ստացած տոկոսներից: Շահաբաժնից նա ստացել է 44.8 միլիոն դրամ, աշխատավարձից՝ 6.8 միլիոն դրամ:
Պատգամավորի նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա ունի արտադրական նշանակության 1 շինություն, 2 հողամաս, 2 բնակարան և 1 առանձնատուն: Ինչպես նաև 4 ընկերությունում բաժնեմաս (58 հազար, 50 հազար, 540 միլիոն դրամ և 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ):
Աշոտ Արսենյանի կինը՝ Գայանե Մկրտչյանը, իր հայտարարագրում նշել է, որ ունի 300 հազար ԱՄՆ դոլար և 400 միլիոն դրամ, իսկ եկամուտ է ստացել շահաբաժնից, որը կազմել է 433 միլիոն դրամ: Այս ընտանիքի զավակն էլ՝ Վահագն Արսենյանն իր դրամական միջոցներ չի հայտարարագրել, պարզապես նշել է, թե որքան եկամուտ է ստացել և որքան փոխառություն է հանձնել և ստացել նախորդ տարի»,-գրում է թերթը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: