Թերթը գրում է, որ երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է «Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալ, գնդապետ Մարատ Գրիգորյանը:
«Իրավունք հետաքննություն» թերթի աղբյուրների փոխանցմամբ` նրա ազատման պատճառը մայրն է` Հռիփսիմե Հարությունյանը: Բանն այն է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է Հռիփսիմե Հարությունյանի, Էլզա Սահակովայի Զվարթ Ալավերդյանի գործով դատավարությունը: Նրանք մեղադրվում են Աբովյան քաղաքում գործող «Լիլիթ» հյուրանոցային համալիրում պոռնկության զարգացմանը նպաստելու մեջ:
Նշված հյուրանոցային համալիրը, ըստ թերթի տեղեկացման, պատկանում է գնդապետ Մարատ Գրիգորյանի ընտանիքին:
Թե որքանով են խոսակցությունները համապատասխանում իրականությանը և ի՞նչն է գնդապետի` աշխատանքից ազատվելու պատճառը, թերթի թղթակիցը փորձել է պարզել Մարատ Գրիգորյանից, ով ասել է. «Խոսակցությունները, թե իբր մայրս այժմ կալանավորված է և գտնվում է անազատության մեջ, իրականությանը չեն համապատասխանում:
Ես իմ դիմումի համաձայն եմ դուրս եկել, պարզապես այս պահին այդպես էր պետք: Երբ մայրիկիս հետ կապված այս գործերը պարզվեն, կրկին կանցնեմ ծառայության»:
Թղթակցի այն դիտարկմանը, թե Մ.Գրիգորյանի մոր հետ կապված պատմությունն է ամեն դեպքում նրա ազատման պատճառը, Մ.Գրիգորյանը պատասխանել է. «Դե ինչ-որ տեղ կարելի է նաև այդպես ասել»:
Գնդապետ Մ.Գրիգորյանը հերքել է իր մոր` նշված պատմության հետ կապ ունենալը և ասել. «Այս ամենը ընտանիքիս գլխին սարքված է ոստիկանությունում աշխատող մի բարձրաստիճան պաշտոնյայի թեթև ձեռքով»:


