«Երկրի իշխանությունների համար ամոթալի վիճակ է ստեղծել և շարունակում է իր ապօրինի գործողություններով հրահանգներին ու որոշումներին չենթարկվել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը»,- մասնավորապես ասված է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահության մայիսի 15-ի հայտարարության մեջ: ՀԴԿ-ն գտնում է, որ ստեղծված իրավիճակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իրեն վերապահված լիազորություններով կարող է կասեցնել մշակութային հուշարձանի նկատմամբ կատարվող վանդալիզմը:
Ստորև ներկայացնում ենք ՀԴԿ նախագահության հայտարարությունն ամբողջությամբ.
«Երկրի իշխանությունների համար ամոթալի վիճակ է ստեղծել, և շարունակում է իր ապօրինի գործողություններով հրահանգներին ու որոշումներին չենթարկվել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը
Ամիսներ ի վեր Մաշտոցի պողոտայում գտնվող Կենտրոնական շուկայի տեղում, երկու տարի առաջ շենքի վերահսկողությանը տիրացած այդ անձը, անպատիժ կեցվածքով, անտեսում է հասարակության վրդովմունքն ու բողոքը:
Գործը հասել է այն բանին, որ իրավախախտին պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ կառավարությանը, ՀՀ գլխավոր դատախազին մտավորականների կողմից ուղղված դիմումներն անպատասխան են մնում»,-մասնավորապես ասված է:
Նույն վերաբերմունքին «արժանացավ» Հայաստանի դեմոկրատական կուսակցության` ճարտարապետական հուշարձանի ճակատագրի առնչությամբ ՀՀ ճարտարապետների միության հետ միասին հրավիրված «կլոր սեղանի» հայտարարությունը:
Ստեղծված իրավիճակում գտնում ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իրեն վերապահված լիազորություններով կարող է կասեցնել մշակութային հուշարձանի նկատմամբ կատարվող վանդալիզմը: Սա ևս մեկ փորձաքար է, որով հասարակությունը որոշելու է ՀՀ իշխանության ուժն ու օրենքի առաջ որևէ մեկին արտոնություն չշնորհելու կարողությունը»: