Վերջին օրերի իրադարձությունների առրթով հերթական ասուլիսում իրենց առաջարկներով, պահանջներով ու գնահատականներով կիսվեցին հասարակական-քաղաքական գործիչներ։ Նրանց թվում էր «Ազատամարտիկների և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ և ազատամարտիկ Ռազմիկ Ռուշանյանը.
«Տղաների այժմյան գործունեությունը ոչ թե տեռորիստական է, այլ հակատեռորիստական։ Եթե Սերժ Սարգսյանը արժանապատվություն ունենա, հրաժարական կտա։ Բոլոր կողմերից աշխարհը կասի ամոթ է, ո՛չ, ՀՀ-ի հեղինակությունն աշխարհում կբարձրանա, եթե տեսնեն ժողովուրդը պայքարում է արդարության համար»։
Լրագրողի այն հարցին, թե ինչ կարծիք ունեն Վիտալի Բալասանյանի՝ տղաների մոտ գնալու և խոսելու մասին, նա պատասխանեց.
«Համոզված եմ, որ նա բարի նպատակով է եկել, բայց գտնվում է երկու կրակի արանքում»։ Հայկական հեղափոխական սոցիալիստական ճակատի նախագահ Արմենուհի Ղազարյանը նշեց, որ տղաները գնացել են ճարահատյալ քայլի ու դիմեց նրանց հետևյալ խոսքերով.
«Ձեզ փոխարինողներ կան, մենք այսօր էլ կարող ենք գալ ձեզ մոտ»։
Ասուլիսին մասնակից հասարակական-քաղաքական գործիչները վիճակի հանգուցալուծման միակ ճանապարհը տենում են իշխանության հրաժարականի մեջ։ Այն հարցին, թե խելամիտ է սահմանային լարվածության այս պայմաններում նախագահ կամ իշխանություն փոխել, Արմենուհի Ղազարյանը պատասխանեց.
«25տարի է սահմանին վիճակը լարված է, կա ղարաբաղյան հարց, բայց ղեկավարությունը այս տարիների ընթացքում այնքան անկարող եղավ աշխարհին հասկացնել, որ Նախիջևանն ու էլի հայկական հողեր մերն են ու գտնվում են նրանց տարածքում, իսկ Ղարաբնաղը վերադարձնելու մասին խոսք չպետք է լիներ»։ Նրանք կողմ են երկրի գլուխ կանգնի մի սովորական մարդ՝ժողովրդի ծոցից դուրս եկած մեկը։ Նա, ով չնչին աշխատավարձով տուն է պահում, երկիր էլ կպահի։