Ողջունելով հյուրերին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, Սեյրան Օհանյանը շեշտել է, որ պաշտպանության նախարարությունում արդեն ավանդույթ է դարձել երիտասարդների հետ նման ձևաչափով հանդիպումների անցկացումը:
«Յուրաքանչյուր պետություն իր անվտանգության համակարգը ձևավորում է երկրի ռազմական ներուժի շրջանակում: Ռազմական ներուժ ասելով հասկանում ենք երկրի տնտեսությունը, բանակը իր զորահավաքային պատրաստությամբ, հայրենասիրական դաստիարակությունը հատկապես երիտասարդության շրջանում: Այդպես է նաև Հայաստանի Հանրապետությունում և մեր երիտասարդությունն այն մեծ ներուժն է, որ պետք է տանի մեզ առաջ, դեպի զարգացում և մեր խելացի գործունեության արդյունքում բերի այն իրավիճակին, որ մեր անվտանգությունը կառուցենք ոչ միայն սպառազինության, այլև խելացի մտքի, խելացի պաշտպանության վրա»,-նշել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ երիտասարդության հետ աշխատանքը պաշտպանական քաղաքականության մաս է կազմում և դա անտեսելը նշանակում է անտեսել լիարժեք պաշտպանական քաղաքականության իրականացումը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման ավարտին պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդների հարցերին: