ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած, իրենց գործողություններով սադրած անձանց ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հուլիսի 22-ին 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ անկարգություններին մասնակցություն ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որն ուղեկցվել է գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ։ Քննիչը որոշում է կայացրել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է, հարցաքննվում են անկարգությունների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հստակեցվում են մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, պարզվում՝ անկարգությունների ժամանակ պատճառված նյութական վնասի չափը։
Նախաքննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին Քննչական կոմիտեն կտեղեկացնի պարբերաբար։