Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացրել են, որ 2016 թվականի հուլիսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ընդհանուր թվով ստացվել է բանավոր և գրավոր 114 հաղորդում:
Ներկայացված հաղորդումները հիմնականում վերաբերել են ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելուն, նրանց նկատմամբ բռնության գործադրմանը, քաղաքացիների անձնական իրերը սահմանված ընթացակարգերի խախտմամբ վերցնելուն և չվերադարձնելուն, Ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը խոչընդոտելուն և բերման ենթարկվածների՝ զանգի իրավունքը չապահովելուն:
Նշված հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տվյալների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից սահմանված կարգով սկսվել են բողոքների քննարկման ընթացակարգեր: Համապատասխան իրավասու պետական մարմիններին ներկայացվել են ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր պարզաբանումներ ստանալու պահանջներ:
Ստեղծված իրավիճակին և քաղաքացիների՝ բերման ենթարկելու իրավական հիմքերին, նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, այնպես էլ աշխատակազմի ներկայացուցիչները կատարել են 40-ից ավելի այցելություններ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, բժշկական հաստատություններ և այլն:
Մեր կողմից արձանագրված դեպքերի, ձեռնարկված միջոցների մասին ուշ կներկայացվեն համապատասխան գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ առաջարկներ: