Պարույր Հայրիկյանը գրառում է կատարել իր ֆեսյբուքյան էջում՝ անդրադառնալով երեկ քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին:
«Ճշմարտասէր եւ արդարամիտ մարդիկ, հիմա ձեր գործելու շրջանն է։ Սուտն ու կեղծիքը կրկին օգտագործւում են բացասական կրքեր ու տրամադրութիւնների գերիշխանութիւն հաստատելու եւ չարի տիրապետութիւն հաստատելու համար։ Եթէ չարն են «իշխանութիւն»-ները, որը գոնէ ինձ համար կասկածից դուրս է, նրանց համար ամենակարեւոր բանը մթնոլորտն իրենց սիրած ատելութեամբ ու թոյնով լցնելն է։
Խօսւում է իբր շարժման համար վնասաբեր քայլերի մասին։ Դա ինձ իսկապէս անհանգստանցնում է, որովհետեւ ուղղուած է ոչ թէ իմ, այլ մեր հանրութեան դէմ։ Ինչպէս «Հայրիկեանն ինքն է իր վրայ կրակել» զարմանալիօրէն արագ տարածուած կեղծիքը անէացաւ ու որպէս «եղելութիւն» այսօր կրկնում են միայն ցածրորակ գործակալները (եւ միամիտներ), ազդեցութեան տակ ընկած մարդիկ վաղը պիտի այսօրուայ վայրահաչութիւնների համար իրենց վատ զգան։ Ուրեմն ընդդէմ չարի՝ անազնիւ ու բարոյալքող գործելակերպի, պիտի այսօր եւ շատ արագ ասպարեզ իջնել եւ հստակ հարցնել։ Եղե՞լ է որեւէ սխալ ու ո՞րն է այդ սխալը։
Խորհրդի անդամները ժողովրդին առաջարկե՞լ էին նախորդ օրերի գործելակերպից տարբերուող որեւէ բան՝ ոչ։ Ժողովրդին՝ ցուցարարներին գործողութիւնների որեւէ տարբերակ առաջրկուե՞լ էր՝ ոչ։ Հայրիկեանը խօսե՞ց մարդկանց հետ հարցնելով նրանց կարծիքը՝ այո։ Մարդիկ համաձայնեցի՞ն որ պայքարը տեւական է լինելու՝ այո։ Մարդիկ պատրաստակամութիւն յայտնեցի՞ն (նախորդ օրերի նման) յաջորդ օրը կրկին գալ հանրահաւաքի՝ այո։ Առաջարկուե՞ց մի ժամ շուտ՝ 8-ի փոխարէն 7-ին գալ՝ այո։ Նոյն բանն ասա՞ց այս համախմբման նախաձեռնող Ալբերտ Բաղդասարեանը՝ այո։ Նոյն բանն ասա՞ց Ալեք Ենիգոմշեանը՝ այո եւ աւելին՝ նա կոչ արեց, որ գիշերը նոյնիսկ կամաւորներ չմնան, «միասին գնան եւ յաջորդ օրը միասին վերադառնան, որպէսզի հակառակորդը առանձին-առանձին» չկոտրի մարդկանց։
Էդ դէպքում ո՞րն է սխալը։ Նախորդ օրերի նման տուն գնալ եւ յաջորդ օրը վերադառնալ, ասել են բոլորը։ Այլ տարբերակ եւ հարթակի քննարկումներում, եւ ժողովրդի հետ չի քննարկուել։ Ժամը 7-ին հաւաքուելու առաջարկը նոյնպէս եղել է միասնական։ Այդ դէպքում ի՞նչ խնդիր է յուզում մարդկանց։ Ազնիւ մարդկանց մտահոգում է միայն զրպարտութիւնների ալիքը. Նրանք հասկանում են, որ գործակալական ցանցն ու նրա ազդեցութեան տակ ընկածներին պէտք է մթնոլորտը պղտորել։ Միայն այդպէս կարելի է շեղել վրդովմունքը «իշխանութիւն»-ներից ու նրանց մեղաւորութեան մասին խօսելու փոխարէն այլ մեղաւորներ փնտրել։
ՀՆ Խորհրուրդը իր բոլոր տարաձայնութիւններով հանդերձ եւ առաւել եւս ոտքի ելած քաղաքացիները իրենցից կախուած հնարաւոր ամեն բան արել են զսպելու վայրագութիւնների սիրահար, ազգուրաց «իշխանութիւն»-ներին։ Խաղաղ ցուցարարների խաղաղ ցոյցերն ամեն ինչ են եւ առողջ իշխանութիւնների (ոչ մեր երկրի) վրա ազդելու համար ամենահզոր լծակը։ Այնպէս որ անազնիւ է խօսել աւելիի մասին մտացածին մեղադրանքներ ներկայացնելու համար»: