«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանը կրկին խոսեց և այլևս ակնհայտ դարձավ, որ նա այդպես էլ չի ընկալել, թե ինչու են մարդիկ զինված ապստամբություն սկսել մեր երկրում, որքան էլ որ զենքով քայլ անելը դատապարտելի լինի: Ինչպես հայտնի է՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հուլիսի 17-ին տեղի ունեցած հարձակումից հետո Սերժ Սարգսյանը «հայտնվեց» հինգ օր անց՝ հուլիսի 22-ին: Ուժայինների հետ հանդիպման ժամանակ նա այսպիսի միտք էր արտահայտել. «Մինչ մեր հերթական խորհրդակցությունը սկսելը, մեկ անգամ ևս փաստենք, որ մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին և պատասխանատու պահեր:

Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու: Հիմա դրա ժամանակը չէ: Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք»: Թվում էր, նա սկսել է խորհել այն մասին, թե ինչու է հայ հանրության մեծամասնությունն իրենից ու իր ղեկավարած իշխանություններից պահանջում հեռանալ: Հիշեցնենք, որ նա առաջին անգամ խոսեց հուլիսի 20-ին Խորենացու փողոցում տեղի ունեցած բախումներից երկու օր անց, որոնց արդյունքում 51 մարդ էր տուժել: Սակայն Սարգսյանի խոսքից 8 օր անց, ամենևին դասեր չքաղելով իրավիճակից, նոր բախում եղավ՝ հուլիսի 29-ին, առավել արյունալի, այդ օրը քրեական տարրերը ոստիկանների ուղեկցությամբ թիրախավորված հարձակվում էին լրագրողների վրա: Արդյունքում 73 մարդ տուժեց:

Եվ, ահա, երեկ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «Ես նաև ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերվա դեպքերի համար. սա մեր ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում: Բոլոր հետևություններն, անշուշտ, արվելու են: Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին…»: Լրագրողներն, իհարկե, կարող են շատ բան ներել քրիստոնեաբար, բայց իրականում մեր երկրում կա անարդարության լճացած մթնոլորտ: Նախորդ տարի ամռանն էլ Բաղրամյան պողոտայում մի խումբ լրագրողներ տուժեցին, սակայն ՀՀ ՀՔԾ-ն մինչև հիմա քննում է գործը: Ինչքա՞ն ներենք»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: