«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ժիրայր Սեֆիլյանի վերջին նամակին: Փաշինյանի հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.
«Քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանի օգոստոսի 6-ի նամակից հետո հարկ եմ համարում ընդգծել հետևյալը.
1. Հուլիսի 22-ին Խորենացի փողոցում ունեցած ելույթում առաջ քաշեցի հետևյալ տրամաբանությունը. ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու պատկերացում կա առաջադրված. «Սասնա ծռերն» ասում են, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, Սերժ Սարգսյանն ասում է, որ «Սասնա ծռերը» պետք է վայր դնեն զենքերը:
2. Քանի որ ճգնաժամը Հայաստանի համար լրջագույն վտանգներ էր պարունակում, առաջարկեցինք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի դիրքորոշում արտահայտի «Սասնա ծռերի» և Սերժ Սարգսյանի առաջ քաշած տարբերակների կապակցությամբ:
3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրեց «Սասնա ծռերի» առաջ քաշած տարբերակը: Ասացինք նաև, որ մեզ պատասխանատու ենք համարում, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի կողմնակից քաղաքացիները հրապարակում իրենց կամքն անարգել արտահայտելու հնարավորություն ունենան՝ Երևանում և մարզերում: Սրա համար հարկավոր է, որ հավաքներն անցնեն առանց պրովոկացիաների, բախումների, որպեսզի հրապարակ գալու հետ կապված մարդկանց հնարավոր մտավախությունները հասնեն նվազագույնի:
4. Այս քաղաքական օրակարգը և անելիքը ձևակերպելու հաջորդ օրը պարզվեց, որ Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռերը» Սերժ Սարգսյանի հետ քննարկում են ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման այնպիսի տարբերակ, որը չի ներառում Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց ներառում է «Սասնա ծռեր» խմբի հանձնվելը իշխանություններին, այսինքն՝ զենքերը վայր դնելը:
Այս պնդման հիմնավորումների համար՝
- (տես՝ Վարուժան Ավետիսյանի հուլիսի 24-ի ասուլիսը, որտեղ նա խոսում է խորհրդապահական կարգով քննարկվող մի տարբերակի մասին, համաձայն որի՝ Սերժ Սարգսյանը ոչ թե հրաժարական է տալիս, այլ նրա լիազորությունները կրճատվում են. հղում՝https://www.youtube.com/watch?v=hZQi8rMrLws, 10 րոպե 40 վայրկյանից),
- (տես՝ Ալեք Ենիգոմշյանի հուլիսի 25-ի հարցազրույցը Lragir.am-ի հետ, որտեղ նա ասում է, որ Վիտալի Բալասանյանի խոսքը խեղաթյուրում է իրականությունը և Ժիրայր Սեֆիլյանն ուղղակիորեն չի ասել, որ ինքն այսուհետև չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը. հղում՝ https://www.youtube.com/watch?v=zgUjMGfPK-E, 45-րդ վայրկյանից. այս հղումը կարևոր է, քանի որ Ենիգոմշյանն ընդունում է, որ Ժիրայր Սեֆիլյանն առնվազն անուղղակիորեն նման բան ասել է):
- (տես Ժիրայր Սեֆիլյանի հուլիսի 31-ի և օգոստոսի 6-ի նամակները, որոնցից ակնհայտ է դառնում, որ Ժիրայր Սեֆիլյանը բանակցել է «Սասնա ծռերի» կողմից զենքերը վայր դնելու վերաբերյալ՝ առանց Սերժ Սարգսյանի հրաժարականի. այսինքն՝ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տալիս, բայց «Սասնա ծռերը» վայր են դնում զենքերը: Հղումներ՝ http://armtimes.com/hy/read/91079,http://armtimes.com/hy/read/90682)
5. Այսպիսով՝ Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռերը» հրաժարվեցին ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը Սերժ Սարգսյանի հրաժարականով հանգուցալուծելու իրենց բարձրացրած և մեր կողմից քաղաքականապես ձևակերպված տարբերակից, և ընտրություն կատարեցին զենքերը վայր դնելու օգտին. (hիմա ակնհայտ է, որ եթե չլիներ «Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամների դիմադրությունը, զենքերը վայր էին դրվելու ավելի վաղ):
6. Նման պայմաններում ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր առաջ քաշած սցենարն ու ճանապարհային քարտեզը դառնում էր անիրագործելի՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռերի» քաղաքական ղեկավարների դիրքորոշումների փոփոխության պատճառով: Ի դեպ, ուզում եմ նշել, որ Ժիրայր Սեֆիլյանն ու իր ընկերները Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից հրաժարվել էին ոչ թե ընդհանրապես, որպես քաղաքական պահանջ, այլ հրաժարվել էին որպես ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման գործնական միջոց: Այսուհանդերձ, այս մոտեցումը փոխեց քաղաքական իրավիճակը եւ անխուսափելի դարձրեց շարժման թուլացումը:
7. Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը որպես ոչ առաջնային կետ հայտնվեց Գարեգին Չուգասզյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի նամակներում, բայց այն բանից հետո, երբ «Սասնա ծռեր» խմբի տղաներն արդեն իսկ վայր էին դրել զենքերը, եւ գտնվում էին բանտում, այսինքն՝ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակն ինչ-որ հանգուցալուծում էր ստացել եւ ուրեմն՝ Սերժ Սարգսյանի հրաժարական չէր կարող լինել ՊՊԾ գնդի տարածքից «Սասնա ծռեր» խմբի անդամների դուրս գալու, կամ զենքերը վայր դնելու նախապայման: Այսինքն, Սերժ Սարգսյանի հրաժարականի այս պահանջն իր քաղաքական իրագործելիությամբ ոչնչով չէր տարբերվում, ասենք 2015 թվականի դեկտեմբերին, կամ 2015 թվականի ապրիլին առաջադրված պահանջներից:
8. Չեմ կարող կասկած հայտնել Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռեր» խմբի տղաների մղումների ազնիվ լինելու վրա, բայց վերը հիշատակված կետերում արվել են քաղաքական կոպիտ սխալներ, որոնք լրջագույն ազդեցություն են ունեցել քաղաքական իրավիճակի վրա: Հարկ է ընդգծել, որ հուլիսի 22-ից հետո հարթակից չի հնչել Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու որեւէ ճանապարհային քարտեզ, ինչը բերել է ժողովրդական շարժման թուլացմանը եւ «Սասնա ծռերին» այլ ելք չի թողել, քան հանձնվել իշխանություններին:
Հ.Գ. Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին եւ քաղաքական հալածյալներին»: