Այս երեք օրերը շատ հարցերի պատասխաններ տվեցին։ Նախ, պարզեցինք, որ Հայաստանն էլ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը չէ, այլ՝ ռազմավարական գործընկերը։ Այդ մասին հայատարարեց ՌԴ նախագահ Վ.Պուտինը։ Այսպիսով, հայ-ռուսական հարաբերությունները Պուտինը իջեցրեց մինչև ռուս-ադրբեջանական հարաբերությունների մակարդակի։ Շատ ճիշտ արեց Պուտինը, քանի որ եթե մենք էլ ժամանակին ռուսներին վռնդեինք մեր հանրապետությունից, ինչպես դա արեց Իլհամ Ալիևը 2012 թ-ի վերջին, երբ Մոսկվաին դուրս շպրտեց Գաբալայի ՌԼԿ-ից, ապա հիմա երևի Պուտինը մեզ էլ գնահատեր՝ ինչպես դա անում է ազերիների պարագայում։
Այսօր, ՌԴ նախագահը լրագրողների հարցերին պատասխանելիս մի «վրիպում» է թույլ տվել, որի շնորհիվ փորձել է բացատրել իր երկրի դավաճանությունը Հայաստանի նկատմամբ։ Պարոն Պուտինը գտնում է, որ Ադրբեջանը կարող է զենք գնել ցանկացած երկից։ Պուտինի ամեն ինչից տեղյակ խորհրդականները իրենց տիրոջը երևի չէին ասել, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն զենք չեն վաճառում Ղարաբաղյան կոնֆլիկտի ոչ մի կողմի։ Մինսկի խմբի համանախագահ երկրներից միայն ՌԴ-ն է զենք վաճառում Ադրբեջանին և Հայասատանին։

Սարգսյան-Պուտին հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ Արցախյան հակամարտության հարցը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին։ Այս պահին իբրև թե Արևմուտքից վիրավորված Թուրքիան կրկին նետվում է Մոսկվայի գիրկը։ Էրդողանը գրեթե կրկնում է այն քայլերը, որոնք 1921 թ-ին անում էր Մուստաֆա Քեմալը։ Աշխարհի երկու «վտարանդիները»՝ քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը հայերիս հաշվին բարեկամություն էին հաստատում։ Չավուշօղլուի այս զառանցանքին չարձագանքեցին ՌԴ ԱԳՆ-ից, որը Մինսկի խմբի համանախագահ երկիր է և պետք է կտրուկ դեմ լինի բանակցային ֆորմատի փոփոխման առաջարկներին։ Սակայն Մոսկվան լռում է։ Մոսկվան գենետիրկորեն չի մոռանում, որ ինքն «Ադրբեջան» անունով պետության հիմնադիրներից է Թուրքիայի հետ մեկտեղ։ Պուտինը երազում է, որ Ալիևը կդավաճանի Արևմուտքին և իր նավթը և գազը «կնվիրի» իրեն։ Մոսկվայում մտածում են, որ Արևմուտքի մայրաքաղաքներում նստածները հիմար են և թույլ են տալու, որ Ալիևն ուրանա եվրոպացիների և ամերիկացիների միլիարդավոր դոլարների ներդրումները երկրի նավթագազային ոլորտում։ Եթե Իլհամ Ալիևը դա անի, ապա հաջորդ իսկ օրը Ադրբեջանը կունենա այլ նախագահ։ Սակայն Պուտինի և նրա շրջապատի թրքասիրությունը թույլ չի տալիս ռեալիստ լինել և հասկանալ, որ Բաքվի նավթին և գազին Մոսկվան կարող է տիրանալ միայն պատերազմի միջոցով։ Այլ տարբերակները ԲԱՑԱՌՎՈՒՄ են։

Եվ վերջապես երկու մեսիջ Մոսկվայից։ Այսօր մեզ հասկացրեցին, որ Հայաստանը շատ սխալ է արել, որ իր անվտանգության համար որպես երաշխիք ընտրել է ՌԴ-ի հետ համագործակցությունը։ Ռուասատանցի հայտնի արևելագետ Ե.Սատանովսկին rusarminfo.ru-ին տված հարցազրույցում ասել է.«Պուտինի, Ալիևի և Էրդողանի հանդիպումներին հետևելու փոխարեն, Հայաստանի իշխանությունները պետք է կառուցեն սեփական անվտանգության համակարգը և պաշտպանեն ազգային շահերը։ Նրանք պետք է հիշեն մեկ պարզ կանոն. Ձեզ կարող են սիրել և համակրել, բայց ոչ ոք, նույնիսկ ձեր դաշնակիցները ոչինչ ձեզ համար չեն անի»։ Իսկ Պուտինի մերձավորներից՝ փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի կողմից վերահսկվող «Царьград» հեռուստաընկերության «Директива Дугина» հաղորդման ժամանակ, վերջինս մեկնաբանելով Պուտին-Սարգսյան հանդիպումը հայտարարել է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձնի «հինգ շրջանները»՝ չպահանջելով դրա դիմաց «չափից դուրս բարձր և անիրական գին»։

Ու այսպիսի հայտարարություններ հնչում են ոչ թե Փարիզից, Վաշինգտոնից կամ Հռոմից, այլ Մոսկվայից, որը մեր ռազմավարական դաշնակիցն է եղել մինչ այսօր։ Սատանովսկու հետ ես համաձայն եմ։ Բայց չպետք է մոռանալ, թե ինչպես անցյալ տարի նոյեմբերի վերջին ռուս-թուրքական հարաբերությունների սրման ժամանակ ՆԱՏՕ-ն կանգնեց Անկարայի կողքին, չնայած եվրոպական շատ մայրաքաղաքներում թուրքերի համար չեն խելագարվում։

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: