Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը գողացած անձի ինքնությունը. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

2016 թվականի հուլիսի 9-ին` ժամը 19:35-ից 19:55-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 58 երթուղային ավտոբուսում առերևույթ հանցագործություն կատարած անձը քաղաքացու պայուսակից հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման քարտ և բանկային քարտ: Նույն օրը գողացված քարտով Երևանի Խորենացի փողոցում գտնվող բանկոմատից կատարվել է գործարք՝ կանխիկացնելով զգալի չափի գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում բանկից ստացվել է Երևանի Խորենացի փողոցում գտնվող բանկոմատի վրա տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երևում է գողացված քարտով կանխիկացման գործարք կատարած տղամարդը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: