Նիդերլանդների Մաաստրիխտի պաշտոնանկ արված հոգևոր հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը բաց նամակ է գրել Տեր Ասողիկ քահանա Կարապետյանին: Տեր Ասողիկը «ֆեյսբուք» սոցիալական ցանցում, անդրադառնալով Տեր Արմենի՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն «Սասնա Ծռեր» խմբի կազմակերպված ակցիայի ժամանակ հնչեցրած բացման ու փակման խոսքին, համոզմունք էր հայտնել, թե Տեր Արմենի «պահվածքը և մոտեցումը վայել չեն հայ հոգևորականին»: Տեր Ասողիկը Տեր Արմենին հեռացրել է նաև իր ֆեյսբուքյան ընկերների շարքից:

Տեր Արմեն քահանա Մելքոնյանի պատասխան բաց նամակը.

1.- «Մօտեցումը և պահուածքը վայել չէ Հայ հոգևորականի»։ Միթէ ո՞ր մօտեցումն ու պահուածքը նկատի ունէք. այն որ ես կանգնած իմ իմ ժողովուրդիս ու հօտիս կողքին անոնց արդար պահանջքներու՞ն համար, կամ թէ որովհետև կը մերժեմ Հայաստանի մէջ տեղի ունեցող սպառնալիքներն ու անարգութիւնները ոստիկաններու կողմէն մեր մայրերուն և քոյրերուն նկատմամբ։ Այս ուղղութեամբ ձեզի միայն մէկ ձևով կարող եմ իրաւունք տալ. ես պէտք չէր ցուցարարներուն կողքին լինէի արտասահմանում, այլ պէտք էր բոլոր պարտականութիւններն ու պարտաւորութիւններս լքելով, խաչս ձեռքս առնելով իջնէի խորենացի ու արգելք հանդիսանայի որ մարդիկ անարգանքի ու բերման ենթարկուեն։ Սակայն սրա մէջ էլ ես մեղք չունեմ. քանի այսպիսի քայլի մը դիմելու համար պարտաւոր էի Սուրբ Էջմիածնի՝ մայր Աթոռի հաւանութիւնը ունենալ վստահ լինելով որ պիտի չկարենայի ձեռք բերել։

2.- Ո՞րն է «Հայ առաքելական եկեղեցւոյ հաշտարար ու խաղաղարար վերաբերմունքն ու առաքելութիւնը»։ Լռե՞լ երկրի մէջ տեղի ունեցող անարդարութիւններուն և մարդկային իրաւունքներու ոտնակոխութեան, ա՞յս պիտի ըլլայ մեր եկեղեցւոյ վերաբերմունքը այս իրավիճակին, բնաւ և երբեք. մենք մեր եկեղեցւոյ հայրերէն սորուած ենք որևէ վտանգ սպառնացող ներքին կամ արտաքին թշնամիներուն առջև խաչը շալկել ու պայքարիլ մեր ժողովուրդի իրաւունքներու համար։ Այս արտայայտութեան մեծագոյն օրինակն են Ղևոնդեանց քահանաները Սուրբ Ղևոնդ երեցի գլխաւորութեամբ։

3.- «Խորը ցավ եւ վրդովմունք պատճառեցիք»: Զարմանում եմ ձեր այս խօսքերին սիրելի Տէր եղբայր։ երանի թէ համարձակութիւնն ունենայիք ձեր ցաւն ու վիշտը յատնել (եթէ գոյութիւն ունեն) այն ինչին որ ենթարկւում են մեր մայրերն ու քոյրերը, երիտասարդներն ու նոյնիսկ անչափահասները մեր հայ ոստիկանների ձեռքով։ սակայն ըստ երևոյթին մարդկային արժէքներն ու չափանիշները փոխուել են ձեր մօտ, և ձեր մատների արանքով տեսնում էք միայն այն ինչ որ ցանկալի չէ մեր իշխանութիւնների համար։

Ես էլ եմ ցաւ ապրում երբ տեսնում եմ որ հայրենիքի մեր հովիւները անհոգութիւնն ու անտարբերութիւնը իրենց հօտին նկատմամբ, և իւրաքանչիւրը իր աջը քաշած՝ մեկուսացած սպասում է թէ կշիռքի նժարը որ կողմն է իջնելու անմիջապէս փաթաթուելու նրանց շուրջ։

Ես վստահ եմ թէ եթէ «Սասնայ Ծռեր»ը Յաղթած դուրս գային (որը սպասելի է նաև այսօր և ամէն օր երկաթների հետևից), դուք այլ վերաբերմունք ու գնահատանք պիտի հնչեցնէիք իմ հասցէին կամ իմ ֆէյսպուքի նամակատուփին։

4.- Երանի թէ այս ձեր խոր ցաւն ու վիշտը հրապարակաւ Յայտնէիք ու հերքէիք Պատրիարքարան Փոխնորդ Տ. Արամ Եպս. Աթէշեանի ահաւոր դաւաճանական արտայայտութիւնը երբ Գերմաիան ընդունեց հայոց ցեղասպանութիւնը։

Ի վերջոյ փակեմ իմ նամակը Ն.Ս. Օ Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի խոհեմ խօսքերով.-

«Այս իրավիճակում լուռ մնալը ճիշտ չենք համարում: Մտահոգ ենք: Մտահոգ ենք, որովհետև մեր հայրենիքի հզորացումը, մեր միասնականության ամրապնդումը, մեր ազգային պահանջատիրության նոր խայծ, նոր թափ տալու համազգային պահանջը մեր ժողովրդի համար պետք է դառնա համազգային մտահոգություն: Հայաստանը միայն հող չէ, Հայաստանը նաև ու մանավանդ ժողովուրդ է իր պետականությամբ: Մեր սպասումն է, որ մեր ժողովրդի ղեկավարները Հայաստանում լսեն մեր ժողովրդին, կհետևեն մեր ժողովրդի սպասումներին, կարիքներին, պահանջներին»: