ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանում է ներկայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի դիմումի առնչությամբ:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ «Միայնակ գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանն իր պաշտպանի միջոցով բանտից հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ ինքը ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել իրենց համայնքի ՏԻՄ ընտրություններին, սակայն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը խոչընդոտում է։
Ինչպես հայտնում են քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից, պարզաբանման մեջ ասվում է. «Ի պատասխան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արայիկ Խանդոյանի փաստաբանի` այսօր լրատվամիջոցներում հրապարակած տեղեկատվության, համաձայն որի` արդեն 3-րդ օրն է`ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը չի հաստատում կալանավոր Արայիկ Խանդոյանի լիազորագիրը, որի միջոցով վերջինիս վստահված անձը պետք է կազմակերպի ՏԻՄ ընտրություններում Արայիկ Խանդոյանի թեկնածության առաջադրումը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը պարզաբանում է հետևյալը.
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը Արայիկ Խանդոյանի` իրեն «լիազորագրի 4 բնօրինակ» տրամադրելու մասին դիմումը ստացել է օգոստոսի 17-ին:
Հայտնում ենք, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշման` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետը ստորագրությամբ և զինանշանի պատկերմամբ կնիքով հաստատում է կալանավորված անձի կողմից ներկայացված լիազորագիրը:
Լիազորագրի բոլոր 4 օրինակները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացվել են միայն այսօր` օգոստոսի 19-ին` ժամը 13.20-ի սահմաններում, և հաստատվել են ժամը 13.35-ին»: