ՀՀ-ում շարունակում են գործել կիսագողական բարքեր, տարածքը իմն է, որոշողը ես եմ. սա վերաբերվում է Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ՝ Գրիգոր Գյոզալյանին: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբոր՝ Արարատ Խանդոյանի կինը՝ Սոնա Թամարյանը։

Նա իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշել է.

«Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 2016թվականի սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ինչպես հայտնի է բոլորին իր թեկնածությունն է առաջադրել նաև Արայիկ Խանդոյանը: Բոլորին հայտնի է, որ Արայիկի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը կուսակցական է ՀՅԴ և երբեք դա չի թաքցրել:

Ես Արարատ Խանդոյանի կինն եմ՝ Սոնա Թամարյանը, ԿԸՀ-ից ընտրական լիցենզիան ստացել եմ ՀՅԴ-ի կողմից և նշանակումները միշտ իրենք են արել, սակայն Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ՀՅԴ մարզային և տարածքային կառույցները հրաժարվում են ինձ նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում, որպես ընտրական հանձնաժողովի անդամ:

Ես լավ հասկանում եմ, որ սա քաղաքական որոշում է, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ին իր սոլիդարությունն ու եղբայրությունն է հայտնում: ՀՀ-ում շարունակում են գործել կիսագողական բարքեր, տարածքը իմն է, որոշողը ես եմ, սա վերաբերվում է Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ՝ Գրիգոր Գյոզալյանին:

Ես պահանջում եմ ՀՅԴ-ից վերականգնել իմ խախտված իրավունքները, քանի դեռ ժամանակ կա դա անելու համար»:

Նշենք, որ Ծաղկահովիտ գյուղում առաջադրվել են գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը, անկուսակցական Նորիկ Հակոբյանը, ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանը, որը, ի դեպ, հայտարարել էր, որ կհրաժարվի մրցակցությունից, եթե Արայիկ Խանդոյանն առաջադրվի: