«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիվանդանոցում պահվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին են այցելել «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկները, ովքեր պետք է որոշեն վիրավոր անդամների հետագա բուժումն ինչպես իրականացնել և վիրահատման մասին որոշում կայացնեն:
Հիվանդանոցի մոտ հավաքվածներից «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի մայրը` Լաուրա Հարությունյանը, լրագրողներին ասաց, որ իր ծանոթ բժշկին, ում միջնորդել էր որդուն վիրահատելու համար թույլ չեն տվել մտնել «Դատապարտյալների հիվանդանոց»:
«Իմ կողմից հրավիրված բժշկի մուտքը արգելվել է: Հիմա «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկները ներսում են, սպասում ենք պատասխանի, եթե իրենք կվիրահատեն, ուրեմն իրենք պետք է վիրահատեն»,-ասաց նա:
Թե ինչո՞ւ չեն թույլ տվել, նա պատասխանեց՝ փաստաթղթերի բացակայության պատճառով:
«Երբ պատրաստ կլինի փաստաթղթերը, կզանգեն, կասեն, որ կարող է մտնել, թե ոչ»,-ասաց նա:
Հարցին, թե նա այդուհանդերձ չի՞ վստահում բժիշկներին, Լաուրա Հարությունյանը պատասխանեց, որ վստահում է:
«Ոչ թե խնդիրը չվստահելու մեջ է, այլ որ պետք է անհապաղ վիրահատություն: Վստահում եմ բոլոր բժիշկներին, իմ ցանկությունն է՝ արագ վիրահատվի»,-ասաց նա:
Մայրն ասաց, որ տղայից տեղեկություն ստանում է միայն փաստաբանների միջոցով, ըստ որի՝ ներկա պահին ոտքի երկաթը հանել են և ծունկը գիպսի մեջ է:
«Արդեն ի վիճակի է ոտքը շարժել, ողնաշարը կարողանում է շարժել, համեմատած մյուս օրերին, ավելի լավ է: Երևի թե մեր բոլորի բարձրացված ձայների շնորհիվ այսքանին հասանք»,-ասաց նա: