2016 թ. օգոստոսի 27-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցավ ԳԱԼԱ ՀԸ և ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր Վահան Խաչատրյանի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի համահիմնադիր, «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր և Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի հանդիպումը, որով եզրափակվեցին մոտ չորս ամիս տևած բանակցությունները` Գյումրու կայանալիք ավագանու ընտրություններում միացյալ ջանքեր ներդնելու մասին, տեղեկացնում է «Ասպարեզ» օրաթերթը:
Բանակցությունների ընթացքում քննարկվեցին և վերլուծվեցին նախընթաց տարիներին Լ. Բարսեղյանի և Վ. Խաչատրյանի անձնական և գործնական հարաբերությունները: Վ. Խաչատրյանը Լ. Բարսեղյանին առաջարկեց լինել Գաղափարակից լիբերալների ալյանս կուսակցության (ԳԱԼԱ) ավագանու անդամների թեկնածուների ցուցակում:
Ավելի վաղ և բազմիցս Լ.Բարսեղյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում քաղաքապետի պաշտոնի հավակնորդ լինել և ջանքեր է ներդնում որևէ բարեխիղճ ընդդիմադիր դաշինքի ձևավորման ուղղությամբ, որի թեկնածուական ցանկում դեմ չէր լինի ընտրվել որպես Գյումրու ավագանու անդամ: Այս եզրափակիչ հանդիպման ժամանակ արձանագրվեց, որ չնայած կողմերի և այլ կուսակցությունների ներդրած համառ ջանքերին` միացյալ հայտով որևէ ընդդիմադիր դաշինք կազմել չհաջողվեց, սակայն մի քանի կուսակցություն պատրաստակամություն հայտնեցին պաշտպանել ԳԱԼԱ կուսակցությունը այս ընտրություններում:
Կողմերն արձանագրեցին նաև, որ չնայած մի շարք հարցերում պահպանված մի քանի տարաձայնություններին և մոտեցումների տարբերությանը` Գյումրու տեղական ինքնակառավարման համակարգը կարիք ունի անհետաձգելի բարեփոխման. այս մակարդակում ևս կարիք կա քաղաքացիների շահերի անզիջում պաշտպանության, արդյունավետ կառավարում իրականացնելու և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու:
Հանդիպման արդյունքում, հաշվի առնելով քաղաքի առաջ ծառացած խնդիրները, ինչպիսիք են անօթևանությունը, բնակարանաշինությունը, քաղաքաշինությունը, ծայրահեղ աղքատությունը, գործազրկությունը և արտագաղթը, ինչպես նաև այն հանգամանքը, որ գործող քաղաքային իշխանությունը այս խնդիրների կարգավորման հարցում տարբեր պատճառներով բավարար ջանք չի ներդնում, իսկ պետական իշխանությունը իր հանրապետական վերնախավով բազմիցս ձախողել է Գյումրու հիմնախնդիրների կարգավորումը, վեր դասելով Գյումրի քաղաքի շահը անձնական, գործարար, կուսակցության կամ կազմակերպության շահերից, նաև հաշվի առնելով բազմաթիվ գյումրեցիների և փորձագետների` ջանքերը միավորելու կոչերը, կողմերը որոշեցին համատեղ մասնակցել Գյումրու ավագանու ընտրություններին:
Վահան Խաչատրյանը հավաստիացրեց, որ ԳԱԼԱ կուսակցությունը այն քաղաքական ուժն է, որը, նույնպես վեր դասելով քաղաքի շահը, բարեխղճությամբ պայքարելու է ավագանու կազմում ազդեցիկ դիրքի համար, չի նահանջելու և ոչ մի դեպքում ետ չի կանչելու իր թեկնածուական հայտը:
ԳԱԼԱ կուսակցության թեկնածուական հայտը ընտրատարածքային հանձնաժողով է ներկայացվելու օգոստոսի 27-ին: