Սեբաստիայի հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է, գրում է Ստամբուլի հայ համայնքի թերթերից «ՀայԹերթ»-ը:
Թերթի փոխանցմամբ՝ ներկայիս Թուրքիայի Սըվազի շրջանում (պատմական Սեբաստիա) «Նուրի Դեմիրդաղ» օդանավակայանի ճանապարհին գտնվող հին հայկական եկեղեցին մատնված է անուշադրության և ամեն անցնող տարվա ընթացքում է՛լ ավելի է ավերվում:
Համայնքը մի քանի անգամ ահազանգել է, որ եկեղեցին ունի նորոգման կարիք, այլապես կոչնչանա:
Նահանգապետարանը մի քանի ծրագրեր է նախաձեռնել, որոնց արդյունքում ավելի շատ զբոսաշրջիկներ են բերվել եկեղեցի, սակայն եկեղեցու նորոգման հարցում որևէ գործնական քայլ չի արվել:
Ամեն տարի Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին այստեղ են հավաքվում Թուրքիայի ամենատարբեր ծայրերում բնակվող սեբաստացի հայերի թոռները:
Եկեղեցու հայկական անվանումը չի պահպանվել, սակայն հայտնի է, որ այն կառուցվել է 11-13 դարերում: