Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարի Հայաստանն իր մասնակցությունն է ունենալու ամերիկյան կինոակադեմիայի` «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխությանը: Այսօր Հայաստանի ազգային կինոակադեմիային ներկայացված է երեք ֆիլմ՝ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը», Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակով»-ը և Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ»-ը: Վերոնշյալ ֆիլմերից մեկը պետք է առաջադրվի ներկայացնելու Հայաստանը ամերիկյան մրցանակաբաշխությունում:
«Վերջին բնակիչը», Ջիվան Ավետիսյանի` Արցախին նվիրված երկրորդ լիամետրաժ ֆիլմն է: Առաջին ֆիլմը՝ «Թևանիկ»-ն էր, որը նվաճել է բազմաթիվ միջազգային մրցանակներ` Չինաստանում, Իտալիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Այս տարի Ֆիլմը առաջադրվել է Գլենդելի Միջազգային և World Cinema Berlin-ի կինոարտադրողների միջազգային կինոփառատոններում: «Թևանիկ»-ը ցուցադրվել է նաև Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկայում, ինչպես նաև արժանացել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի գլխավոր մրցանակին:
Ծննդով արցախցի Ջիվան Ավետիսյանը մեծացել է՝ պատերազմի հարվածների դեմ պայքարող, իր հողը կյանքի գնով պահող ժողովրդի մեջ և լավագույնս տեղյակ է այդ ժողովրդի ապրումներին, ճակատագրին և բնավորությանը: Վերջին տասը տարիների ընթացքում, ռեժիսորը նկարահանել է մի շարք վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր` Արցախի մասին, նպատակ ունենալով` ճանաչելի դարձնել Արցախը և նրա հիմնախնդիրները` ողջ աշխարհում:
Այսօր Yelaket.am-ը զրուցեց ռեժիսորի հետ վերոնշյալ թեմայի շուրջ: Վերջինս մեծ ոգևորությամբ խոսեց մրցանակաբաշխությանը մասնակցելու հնարավորության մասին, հույս և անթաքույց ցանկություն ունենալով, որ հենց իր ֆիլմը կառաջադրվի ներկայացնելու Հայաստանը: Իր խոսքում Ջիվան Ավետիսյանը շատ կարևորեց Հայաստանի կողմից մասնակցությունն այս հեղինակավոր մրցանակաբաշխությանը:
«Այսպես, հայտ ներկայացվեց Ազգային կինոակադեմիային, որպեսզի վերջինս ընտրի և Հայաստանը արդեն հնարավորություն ունենա մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք կինոակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխությանը, սա շատ կարևոր է, որպեսզի մենք էլ մեր դերակատարությունն ունենանք կինոմատոգրաֆիայում, լավ ֆիլմերով, հզոր արտադրանքով և մրցունակ լինենք: Ես կուզենայի, որ այսօր կարևորվեր Արցախի թեման, որպեսզի այս հեղինակավոր մրցանակաբաշխությանը Արցախի մասին պատմող մի ֆիլմ լիներ. ահա այս նպատակով ենք ֆիլմը ներկայացրել ակադեմիային:
Նպատակը Ղարաբաղի թեման ներկայացնելն է, պետք է հզոր կինոյի մեքենան օգտագործենք՝ ի նպաստ մեզ, որովհետև եթե մենք նպատակ ունենք, ուզում ենք մեր մի կտոր հողն ու հացն ունենանք այս արևի տակ, ուրեմն պիտի պայքարեն: Կինոն ինձ համար պայքարի միջոց է: Ես ուզել եմ այնպիսի կինո ստանալ, որ կարողանա օտար շուկայում դիմանալ, և այսօր այն ոչ միայն դիմանում է, այլև ունի համախոհներ, այն միջազգային համագործակցության արդյունքում է ստեղծվել: Ինչպես հայտնի է, ֆիլմին աջակցել են ամերիկյան «Alpha Dogs INQ» և «Mosaic Arts & Cultural Foundation» ընկերությունները, որոնք մեծ դերակատարություն ունեն այնտեղ»:
Մեր այն հարցին , թե արդյոք ապրիլյան դեպքերից հետո ռեժիսորի ֆիլմերն ավելի արդիական և պահանջված են դարձել, վերջինս պատասխանեց.
«Ցավոք սրտի կարող եմ ասե՝լ այո՛, ես երբեք չէի ուզի՝ իմ ֆիլմերն արդիական լինեին Հայաստանում և աշխարհում, որովհետև ես քննադատում եմ պատերազմը և խաղաղություն քարոզում, ցավոք, մենք հիմա էլ պատերազմի մեջ ենք:
Թե՛ «Թևանիկը», թե՛ «Վերջին բնակիչը» և նախորդ ֆիլմերը ավելի արդիական դարձան, և ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, քանի որ քանի դեռ մենք ունենք Արցախի խնդիրը, ես ինքս չեմ ուզում հանգիստ ապրեմ, ուզում եմ մինչև վերջ գնալ, որպեսզի ինչ-որ ձևով աջակից լինեմ՝ եթե ոչ հարցերի լուծմամբ, ապա գոնե հարցերի հարուցմամբ»:
Մեր զրուցակցից ցանկացանք իմանալ՝ արդյոք մեկը մյուսից հաջողված ու սիրված ֆիլմերը տաղանդավոր և հմուտ ռեժիսորի աշխատանքի արգասիք է միայն, թե վերջինիս Արցախից լինելն է թեմատիկ առումով նման ֆիլմեր ստեղծելու պատճառ հանդիսանում:
«Չեմ կարող ասել, ինչպիսին կլինեի, եթե չլինեի Արցախից, բայց հստակ գիտեմ, որ ինչ որ իմ ներսում է, ինձ հանգիստ չի տալիս և ստիում է դա, որ ես պատմեմ, լինեմ ազնիվ, անաչառ, որ չնահանջեմ դժվարություններից, իհարկե այս ամենը կապ ունի պատերազմը տեսնելու հետ:
Ես ցավում եմ, որ մարդիկ հաճախ շատ շուտ մոռանում են, թե ինչի միջով է անցել իրենց մանկությունն ու պատանեկությունը: Կարծես թե մենք շատ կարճ հիշեցինք ապրիլյան պատերազմը, հավաքվեցինք միահամուռ կերպով, կազմակերպեցինք, հետո եկավ ժամանակավոր խաղաղությունը և դարձյալ մոռացրեց ամեն ինչ: Այդ օրերի մարդկանց ջանասիրությունն ու ոգևորությունը, կուզեի միայն այդ պահին չլիներ, այլ հետևողական քայլերով առաջ գնայինք, որ հաղթանակի հասնենք, ոչ թե մերթ ընդ մերթ. ինձ մոտ այդպես: Ես Արցախի թեմայով հաջողության եմ ձգտում:
Միաժամանակ մեր լոկալ խնդիրները այնպես պետք է ներկայացնենք, որ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, կրոնական պատկանելությունից սրտամոտ լինի, որ հասկանան մեզ: Պետք է ցույց տրվի, թե պատերազմը մարդուց ինչ կարող է խլել, ուր է հասցնում նրան, ինչպես է այն խաղում մարդկային ճակատագրերի հետ:
Կոնկրետ մենք պատերազմի անհաջող ելքի դեպքում կկորցնենք մեր ազգային դիմագիծը: Այս ամենը համամարդկային խնդիրներ են, միայն մերը չեն. ահա այսպիսի ընդհանրացումները ֆիլմին, կարծում եմ, հաջողություն կարող են բերել»: