Այսօր Սեպտեմբերի 1-ն է՝ ուսումնական տարվա առաջին օրը, այն օրը, երբ ողջ երկրագնդում միլլիոնավոր երեխաներ, պատանիներ և երիտասարդներ քայլում են նույն ուղղությամբ, քայլում են այն ճանապարհով, որը տանում է կայացման և ինքնահաստատման:
Մեր նկարահանող խումբն այսօր վաղ առավոտից գտնվում էր Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 197 հիմնական դպրոցի բակում, ուր իշխում էր աննկարագրելի դրական մթնոլորտ: Տատիկներն ու պապիկները, հայրիկներն ու մայրիկները բարի ժպիտներով և անթաքույց հիացմունքով վայելում էին իրենց թոռնիկների և երեխաների երջանկությունը: 197 դպրոցի բակում իսկապես տոն էր. տոն՝ բոլորի համար, որի «մեղավորները» հրեշտակային ճերմակությամբ հագնված նոր սերունդն էր: Կարգով, շարքով, զույգ-զույգ կանգնած աշակերտները սրտի թրթիռով անհամբեր սպասում էին, թե ե՞րբ է բարձրախոսով հայտարարվելու իրենց դասարանի անունը, որպեսզի դասվարի գլխավորությամբ և ծափահարությունների ներքո մտնեին դպրոցի դռնից ներս: