Օրերս ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հարցազրույց է տվել թերթերից մեկին և ծիծաղելի է համարել սպորտում ծանոթ-բարեկամ դրսևորումները: Նախարարի մոտ հարց էր առաջացել. « Իսկ ո՞վ ասեց, որ Աղասի Աղասյանը ավելի ուժեղ է, քան Առաքել Միրզոյանը»: Պարոն նախարար, ո՞վ պետի ասի: Փաստերը: Մեջբերեք, ծանրորդ Աղասի Աղասյանի հարցազրույցից, որ տվել էր կայքերից մեկին և ասել՝ « …նա (Առաքել Միրզոյանը-խմբ) 77 կիլոգրամ քաշային կարգում էր հանդես գալիս, որտեղ հանդես են գալիս նաև Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը, ովքեր իրենից ուժեղ են: Առաքելը տեղափոխվեց 85 կիլոգրամ քաշային կարգ, երևի մտածելով, որ ինձ կգերազանցի: Սակայն այնպես ստացվեց, որ ես Հայաստանի այս տարվա առաջնությանը մասնակցեցի 94 կիլոգրամ քաշային կարգում, քանի որ 85-ին մասնակցելու համար պետք է քաշ գցեի, ինչը մարզիչս չթույլատրեց: Ես իմ քաշային կարգում հաղթեցի, իսկ Առաքելը չմասնակցեց առաջնությանը, գիտակցելով, որ շատ թույլ է: Հայաստանի առաջնությունից հետո ընտրվեց հավաքականի կազմը, երկու հավաք անցկացվեց, որից վերջինը՝ Կազանում: Այնտեղ Սմբատ Մարգարյանը և Ռուբեն Ալեքսանյանը վնասվածք ստացան, և Առաքել Միրզոյանը ավտոմատ կերպով մտավ հավաքական ու մասնակցեց Եվրոպայի առաջնությանը: Եվրոպայի առաջնությունում Առաքելը պոկումում բարձրացրեց 151 կգ, հրումում՝ 187: Ես, իմ հնարավորություններից ցածր հանդես գալով հանդերձ, պոկեցի 153 կգ և հրեցի 193 կգ: Բոլորին պարզ դարձավ, որ Առաքելն ինձ զիջում է»: Կարծում ենք, ոչ միայն սպորտից հեռու կանգնած շատ ընթերցողnղների, այլև հարգարժան նախարարին էլ պարզ դարձավ, որ Աղասի Աղասյանը ավելի ուժեղ է քան Առաքել Միրզոյանը:
Օլիմպիական խաղերի ընթացքում սա միակ անարդարությունը չէր, սա մենք մերոնցով էինք: Հայ սպորտասեր հասարակությանը զարմացրեց և զայրացրեց, երբ Միհրան Հարությունյանի հաղթանակը մրցավարները տվեցին սերբ Դավոր Շտեֆանեկին: Տեղին կլիներ, որ մեր ՀԱՕԿ-ը դատապարտող հայտարարությամբ հանդես գար, Միհրան Հարությունյան-Դավոր Շտեֆանեկ վիճելի գոտեմարտի վերաբերյալ, մինչդեռ պարոն Ծառուկյանի հայտարարության մեջ դատապարտող ոչ մի բառ չկա, մասնավորապես ասվում է. «Գեղեցիկ և համառ պայքարն ավարտվեց 1։1, և քանի որ սերբը վերջինն էր միավոր վաստակել, հաղթանակը մրցավարները տվեցին Շտեֆանեկին»։ Որը շատերի զայրույթ է առաջացրել: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյաը կոչ է արել Հայաստանի օլիմպիական կոմիտեին վերջ տալ անգործությանը և այս հարցը լուծել պետության աջակցությամբ՝ դիմելով մարզական արբիտրաժային դատարան: «Մենք կորցրինք Միհրան Հարությունյանի ոսկին, ցավոք, մեր օլիմպիական թիմը ոչինչ չարեց, որպեսզի տեղում բողոքարկի մրցավարի որոշումը», — կարծում է քաղաքագետը։ Ըստ շրջանառվող լուրերի Միհրան Հարությունյանի մայրը ասում է՝ «Կատարվածի մեջ ոչ միայն մրցավարներն են մեղավոր, այլև մեր վերևները, որոնք թույլ տվեցին, որ այս ամենը կատարվի»: Իսկ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես գալը պատվաբեր չէ ՀԱՕԿ-ին: