Սեպտեմբերի 8-ի առավոտյան Արցախում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գեներալ- մայոր Վարդան Բալայանի, այցելեց մարտական դիրքեր՝ հայրապետական իր օրհնությունը բերելով առաջնագծում իրենց ծառայությունն իրականացնող ՊԲ հրամանատարներին և զինվորներին։ Նորին Սրբությանն ուղեկցում էին նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամները։
«Մեր օրհնությունը, գնահատանքն ու շնորհակալությունը ձեզ՝ նվիրյալ ձեր ծառայության համար, որ իրականացնում եք՝ անվտանգ պահելով մեր սահմանները և պահպանելով անդորրը Արցախի, նաև Հայաստանի մեր ժողովրդի», - իր խոսքում նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Ապահով ծառայություն ցանկանալով զինվորներին՝ Վեհափառ Հայրապետը մաղթեց երիտասարդներին հաղթական վերադարձ իրենց օջախները։
Նորին Սրբությունը նաև շրջեց դիրքերում, ծանոթացավ պայմաններին։ Հայոց Հայրապետը զինվորներին խաչեր նվիրեց, ինչպես նաև սրբապատկերով խաչ՝ զինվորների ուժերով կառուցված մատուռի համար։