ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Գ. Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել՝ իր երեխային վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Վ. Սարգսյանին դանակահարելու համար։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թ. սեպտեմբերի 5-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող էլեկտրաէներգիայի բախշիչ ենթակայանի մոտ, Գ.Խանփերյանը վիճաբանել է Վանիկ Սարգսյանի հետ` վերջինիս կողմից իր որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու հարցի շուրջ։ Վիճաբանության ընթացքում դանակով հարվածներ է հասցվել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերք, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող 2 վերք, որի հետևանքով Վ. Սարգսյանը տեղափողվել է «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ և ենթարկվել վիրահատության:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ եւ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Գ.Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: