«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր երկրի հիմնական դժբախտություններից մեկը կառավարման համակարգում մասնագետների ու աշխատելու կարողություն, ցանկություն ունեցող մարդկանց պակասն է: Այս երևույթի պատճառն այն է, որ պատասխանատու բարձր պաշտոններում տեղ են զբաղեցնում մարդիկ, որոնք այս կամ այն թելով կապված են իշխանության հետ: Իսկ իշխանական գործիչներն էլ ջանում են իրենց «ոսկե զավակներին» տեղավորել աշխատանքի` հաճախ ժառանգական սկզբունքով փոխանցելով իրենց «գահը»: Ու քանի դեռ այս մտածողությունը չի փոխվել, որքան էլ Սերժ Սարգսյանը փոփոխություն ակնկալի նոր կառավարությունից, չի ստացվի: Ինչո՞ւ, որովհետև նույն մտածողության կրող է նաև ՀՀ ապագա վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանի որդին` Տիգրան Կարապետյանը, ժառանգական սկզբունքով արդեն մի քանի տարի է՝ «գազի գործով» է զբաղվում:

Պարզվում է՝ 2012 թվականից նա աշխատանքի է անցել սկզբում «Հայռուսգազարդում», այնուհետև՝ այդ ընկերության իրավահաջորդ «Գազպրոմ Արմենիայում»: Ներկայումս Կարեն Կարապետյանի որդին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալն է` կապիտալ շինարարության և վերանորոգման գծով: Ներկա պաշտոնում նա նշանակվել է այս տարվա մայիսից: Իսկ մինչ այդ՝ 2012 թվականից, եղել է «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի օգնականը, այնուհետե՝ւ խորհրդականը:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մինչև Երևանի քաղաքապետ դառնալը մոտ տասը տարի «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենն էր: Տիգրան Կարապետյանի ներկա աշխատավայրն ուշագրավ է այն առումով, որ տարիներ շարունակ լուրեր էին շրջանառվում, թե «Հայռուսգազարդի», իսկ հետագայում նաև՝ «Գազպրոմ Արմենիայի» կապիտալ շինարարությունից Կարեն Կարապետյանի ընտանիքը խոշոր եկամուտներ է ստանում: Ստացվում է, որ Կարապետյան կրտսերը «գործուղվել» է «Գազպրոմ Արմենիա», որպեսզի ընտանեկան եկամուտներն անխափան հոսեն:

Իսկ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի մեջ «փոփոխության յուրօրինակ սիմվոլ» է տեսնում: Հետաքրքիր է` կստացվի՞»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: