Սեպտեմբերի 6-ից, պաշտպանության բանակի 2016թ. պատրաստության պլանի համաձայն, կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հիմքի վրա մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որոնց մասնակցում են հանրապետության և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտ սպաները, ինչպես նաև առաջխաղացման կարգով սպայական կոչմանն արժանացած զինծառայողները: Հավաքների մեկնարկին նորավարտ սպաներին հանդիպել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով իր ողջույնի խոսքում կարևորել է հրամանատարական հավաքների դերը երիտասարդ սպայի կայացման և ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման գործընթացում՝ միաժամանակ անդրադառնալով պաշտպանության բանակում ծառայության առանձնահատկություններին ու խնդիրներին:
Նմանատիպ հավաքների անցկացումը նպատակ ունի տեսական և գործնական պարապմունքների միջոցով նորավարտ սպաներին ծանոթացնել բանակում տիրող ընթացիկ վիճակին, նրանց տալ համապատասխան փորձ և նախապատրաստել հետագա ծառայությանը: