«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին նշանակելու դեռ պաշտոնապես չարձանագրված որոշումը ամենամեծ մտավախությունները առաջացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունում: Դրանք պայմանավորված են հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով:

Խնդիրն այն է, որ մինչև հոկտեմբերի 1-ը 2017 թ. պետական բյուջեի նախագիծը հիմնականում պետք է պատրաստ լինի: Բյուջեի բովանդակությունը, պատկերավոր ասած, հարմարեցված է արդեն նախկին կառավարության «ճաշակին»: Սակայն իրական են սպասումները, որ վարչապետի պաշտոնում նշանակվելուց և նոր կառավարություն ձևավորելու ընթացքում Կարեն Կարապետյանը կպահանջի արմատապես փոխել նախագիծը:

Նոր վարչապետը դժվար թե համաձայնի իր վրա վերցնել նախկին «ստանդարտների» ու գերակայությունների վրա հիմնված բյուջեի իրականացման պատասխանատվությունը: Բյուջեի նույնիկս ոչ արմատական, այսպես ասած՝ զգալի փոփոխությունները չափազանց աշխատատար են և դրա համար կարող են պահանջվել ամիսներ, իսկ մեր օրենսդրությամբ սահմանված ժամկետները շատ քիչ են:

Ֆինանսների նախարարության մասնագետների համար «չարյաց փոքրագույնը» կլինի այն, որ նոր կառավարությունը հավանություն տա 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքի ներկայիս նախագծին և հետո, մինչև տարեվերջ կամ նույնիսկ ընդունվելուց հետո դրանում փոփոխություններ կնախաձեռնի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: