Մեր իշխանությունը նույնիսկ իր իսկ կողմից ժողովրդին պարտադրված նոր Սահմանադրության ամենատարրական կետերին հավատարիմ չէ։ Նոր Սահմանադրության համաձայն՝ ունենալու ենք 17 նախարարություն (այժմ դրանց թիվը հասնում է 19-ի)։ Բայց դեկտեմբերի 6-ի հանրաքվեից ընդամենը շաբաթներ անց, երբ ՀՅԴ-ն կոալիցիա կազմեց ՀՀԿ-ի հետ, տարաջատվեցին ԱԻՆ-ն ու ՏԿՆ-ն դաշնակցականներին աթոռ տալու համար։ Դե պատկերացրե՛ք, թե նոր Սահմանադրության մյուս դրույթները որքանով են իրացվելու այս իշխանության կողմից։
Բայց սրանից զատ՝ գերուռճացված պետական համակարգը շարունակում է մնալ պետական բյուջեի միջոցները մսխող, փոշիացնող գործոն կոռուպցիայից հետո։
Դե, քանի որ նոր վարչապետի նշանակմամբ դաշնակները իրենց նախարարական աթոռներից չեն զրկվելու, այս կուսակցության ներկայացուցիչներն այս ընթացքում արդեն հասցրել են հայտարարել մի քանի անգամ, որ ԱԻՆ-ն ու ՏԿՆ-ն հաստատ չեն լինելու այդ ձուլվող նախարարությունները։ Եթե անցնենք այս 19 նախարարությունների ցանկով, ապա Սփյուռքի նախարարությունը, որն ընդամենը սփյուռքի հայրենասիրական անկեղծ զգացումների հիման վրա սփյուռքից փող կթելու համար է, լավագույն դեպքում պետք է ԱԳՆ-ում վերածվի փոքրածավալ թիմ ունեցող վարչության։ Նույն ճակատագրին պետք է արժանանան նաև Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության նախարարությունը, որոնք վարչության կամ պետական կազմակերպության տեսքով կարող են կցվել ԿԳՆ-ին։
Իրականում, պետական գերուռճացված ապարատ ունենալը միայն ծանոթների ու բարեկամների գործի տեղավորման համար հարմար և ազատ հաստիքներ ունենալու համար չէ, այլ նաև այս «նախարարություններին» առանձին բյուջետային միջոցներ տրամադրելու, միջազգային գրանտներ բերելու, ուստի և լրացուցիչ փողերը մսխելու լավ տարբերակ։
Բայց հուսանք՝ Սահմանադրության այս կետը կմտնի ուժի մեջ, և իմ թվարկած այս երեք նախարարությունները, որոնց այսքան տարիների գործունեության արդյունքում սիրիահայ գաղթականն այդպես էլ չմնաց Հայաստանում, Արմենչիկը ժողովրդական արտիստ դարձավ, իսկ մարզասրահները մնացին անմխիթար վիճակում, կլուծարվեն՝ խնայելով մեր ժողովրդի նյարդերն ու պետական միջոցները։
Կարեն Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից: