Մայիսի 16-ին, ի նշանավորումն Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության, Ստրասբուրգի քաղաքապետարանի առջեւ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Ստրասբուրգի քաղաքապետ Ռոնալդ Ռիեսը, Անդորրայի ԱԳ նախարար, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախորդ նախագահ Ժիլբերտ Սաբոյա Սունյեն եւ Ստրասբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Առաջիկա վեց ամիսներին Ստրասբուրգի քաղաքապետարանի առջեւ ծածանվելու են Ֆրանսիայի, Եվրախորհրդի եւ Հայաստանի դրոշները:

Ելույթ ունենալով դրոշի բարձրացման արարողությանը՝ Հայաստանի ԱԳ նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «800 միլիոն եվրոպացիների համար Ստրասբուրգը՝ Եվրոպայի խորհրդի նստավայրը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խորհրդանիշ է։ Իր մշակութային եւ ճարտարապետական ժառանգության բազմազանությամբ Ստրասբուրգն ինքնին մարմնավորում է եվրոպական  բազմազանությունը:

Հայաստանի նախագահությունը հնարավորություն կընձեռի ստրասբուրգցիներին ծանոթանալու Հայաստանին եւ հայ մշակույթին՝ շնորհիվ այն միջոցառումների, որոնք մենք նախատեսում ենք համատեղ կազմակերպել Ստրասբուրգի քաղաքապետարանի հետ»:

Եզրափակելով խոսքը նախարար Նալբանդյանը նշեց, որ ժողովուրդների եւ պետությունների պատմության մեջ կան պահեր, որոնք ընդմիշտ մնում են բազում սերունդների հիշողության մեջ։ Այս օրը՝ 2013թ. մայիսի 16-ը, կդառնա Հայաստանի համար այդպիսիներից է։