Ֆրանսիայում մասնագիտական գործունեություն իրականացնող մեր հայրենակիցներ Սերժ Դեր-Մաթևոսյանը և Սերժ Արուճումյանն այցելել են Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին: Մասնագետները ծանոթացել են զինվորների առողջական խնդիրներին և քննարկել վերականգնողական բուժման մանրամասները:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Բժիշկները երեկ եղել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, իսկ ասյօր այցելել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ վերջերս տեղափոխվել են զինվորական ծառայության ընթացքում տարբեր ժամանակներում վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ:

Մասնագետները, որոնց կազմում է նաև առաջատար մերսող կինեզոթերապևտ, բարձ են գնահատել հայաստանյան գործընկերների աշխատանքը, կիսվել բուժական նոր մոտեցումներով:

Բժիշկները նշել են, որ կատարված աշխատանքի շնորհիվ առաջիկայում հնարավոր կլինի դրական արդյունք գրանցել: Նրանք հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել: