«Շանթ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին որոշման նախագիծը գործադիր մարմնին ներկայացնելու ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նկատողություն արեց էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանին:
«Տալով արտոնություններ բիզնեսին՝ հետո այդ հարցով ինչ-որ կերպ մոնիթորինգ չի՞ արվելու: ՊԵԿ-ի հետ պայմանավորվեք՝ հաշվետվության ձև արեք, թե ինչքան աշխատատեղ է ստեղծվում»,- ասաց Կարեն Կարապետյանը և հավելեց, որ ինքը ՊԵԿ-ին նոր հանձնարարական չի տալիս, ընդամենն ասում է, որ ՊԵԿ-ն իր գործառույթը կատարի:
Այնուհետև վարչապետը հետաքրքրվեց, թե ընկերությունը որքա՞ն ժամանակ է դիմել այդ արտոնությունների համար, ինչին ի պատասխան Արծվիկ Մինասյանն ասաց, որ մեկ շաբաթ:
«Չեմ հավատում, դուք բիզնեսին աջակցող նախարարություն եք ու դուք տնտեսվարողի ձեռքը բռնած պետք է բոլոր գերատեսչություններով գնաք: Այդ ընկերությունը 7 ամիս է՝ ձեզ հետ նամակագրություն է արել: Մենք պետք է ամեն ինչ կանոնակարգենք, բյուրոկրատիան վերացնենք։ Պետք է լինի ձևակերպված խաղի կանոններ, մնացած դեպքերը կվերանայենք: Պետք է վերանայել, թե ինչքան հետաձգված փող է վերադարձվել, ինչքան աշխատատեղ է ստեղծվել»,- ասաց վարչապետը:
Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին՝ հստակ դիրքորոշման համար և ասաց, որ դա կնպաստի բյուրոկրատիան թեթևացնելու, չպատճառաբանված միջամտությունը հանելու համար և հավաստիացրեց, որ այս պահին արտոնությունների համակարգի հետ կապված մեկ օր անգամ որևէ ներդրող չի սպասում նախարարությունում, սակայն հաշվի առնելով վարչապետի հանձնարարականը՝ կրկին թեթևացումներ կարվեն:
Կարեն Կարապետյանը, հաստատելով ներկայացված նախագիծը, Մինասյանից պահանջեց տեղեկացնել նաև, թե ինչքան ժամանակ է տևում, որ բոլոր ատյաններով այդ արտոնությունները հաստատվեն:
Կարապետյանը նաև հանձնարարեց, որ ՊԵԿ-ն ու Էկոնոմիկայի նախարարությունը միասին աշխատեն և այսուհետ ներկայացնեն, թե արտոնություններ տալը որքան ժամանակ է պահանջում: