«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Որքան մոտենում է սեպտեմբերի 18-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների օրը՝ այնքան Էջմիածնում լարվածությունը մեծանում է: Գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ առաջադրված թեկնածուներից Արթուր Թումանյանը, ում սատարում են նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանն ու նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, այսօր մեզ հետ զրույցում պնդում էր, որ Գրիգորյանի թիմակիցներն ու անձամբ նրա հայրը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը, Էջմիածնում վախի մթնոլորտ են տարածել, մարդկանց ահաբեկում են, ընտրակաշառք են բաժանում:
Կարեն Գրիգորյանի թիմն էլ հերքում է այս պնդումները՝ կաշառք բաժանելու մեղադրանքներն ուղղելով դեպի Թումանյանի թիմը: Այս ամենից հեռու է 3-րդ թեկնածուն՝ Արթուր Խաչատրյանը: Վերջինս քաղաքապետարանի աշխատակից է և առաջադրվել էր, որպեսզի եթե Թումանյանը մրցակցությունից դուրս գար՝ Կարեն Գրիգորյանը միայնակ չմնար: Բացի այդ, նրա և մյուս թեկնածուի անունները համընկնում են, ինչը շփոթության մեջ կարող է գցել ընտրողներին և աշխատել հօգուտ Կարեն Գրիգորյանի:
Ստորև նախ ներկայացնում ենք Թումանյանի հետ մեր զրույցը.
– Պարոն Թումանյան, քարոզարշավի սկզբում մի փոքր լարվածություն կար Էջմիածնում, հիմա նորմա՞լ է ընթանում:
– Մեր աղջիկներին ուզեցել են ահաբեկել, գումար են առաջարկել՝ իրենց կողմն անցնելու համար, բայց մեր աղջիկները պինդ կանգնած են:
– Աղջիկներ ասելով ո՞ւմ նկատի ունեք:
– Դե շտաբի աշխատողներին, քարոզարշավ կատարողներին:
– Հանդիպումներ անցկացնո՞ւմ եք ընտրողների հետ:
– Մի քանի անգամ փորձեցի մարդկանց տեսնել, հանդիպել, հաջորդ օրն այդ մարդիկ հայտնվում էին քաղաքապետարանում՝ կամ Կարենի սենյակում կամ ավելի բարձր: Դրա համար մեր մարտավարությունը փոխեցինք, ասացինք ավելի լավ է տեղ-տեղ հանդիպենք, խոսենք: Մի քիչ վախի մթնոլորտ է՝ դրա համար:
– Խոսակցություն կար անձնագրերի տվյալներ հավաքելու մասին: Կա՞ նման բան:
– Անձնագրեր հավաքում են, այո, արդեն խոսակցություն կա՝ գումար են բաժանում՝ 10 հազար դրամ:
– Մեկ ձայնի համա՞ր 10 հազար:
– Հա, մի ձայնի համար: Որ 4 տարվա ես բաժանում՝ ամիսը 200 դրամով ուզում են ձայն առնել: Չնայած այստեղ անապահով խավը շատ է, դրա վրա էլ են աշխատում:
– Մարդիկ ինչպե՞ս են արձագանքում:
– Մարդ կա վերցնում է, մարդ կա չի վերցնում: ..Սաղ աշխարհը գիտի, իրենց ոչ ոք չի սիրում:
– Իսկ ձեզ սիրո՞ւմ են:
– Ես չեմ ասի իմ համար գժվում են, բայց իր հետ համեմատած՝ այո: Տարիների ընթացքում իրենց թալանն են անում:
– Թալա՞ն են անում:
– Թալան է, բա ինչ է, միայն իրենց ընտանիքն է աշխատում քաղաքապետարանում …էլեկտրացանցի աշխատողներին, գազի աշխատողներին, բոլորին հանել, գցել են փողոցները, ամեն մեկը մի բան է խոստանում, ամեն մեկը մի գործ է անում, էն մեկին ասում են հոսանքը կքաշենք, էն մեկին ասում են գազ կքաշենք, մեկին ասֆալտ կանենք և այսպես:
– Լարվածությունը գնալով կմեծանա, դուք պատրա՞ստ եք մինչև վերջ գնալու:
– Մեծանում է՝ մեծանա, մենք կորցնելու բան չունենք, իրնք ունեն: Ես չեմ կարող հետ գնալ կամ հրաժարվել, որովհետև դա նաև իմ թասիբի, նամուսի հարցն էլ է: Էսօր չեք պատկերացնում ինչ վիճակի մեջ է Էջմիածինը: Պիտի ապրեիք, որ իմանայիք ինչ վիճակում է ապրում էջմիածինցին:
– Ժողովուրդը ձեզ ձայն կտա՞:
– Եթե մի մարդ ունենայիք իրենց շտաբում՝ կիմանայիք ինչ վիճակում են: Մեր շտաբում 3-4 հոգի կա, խաղաղ մեր համար աշխատում ենք: Իսկ իրենց շտաբը խառնված է մինչև վերևները. գեներալը գնում է, բոլորին խառնում, խնդրում է, աղաչում է: Էդ գեներալը, որից բոլորը վախենում էին, մեր շնորհիվ դեմքը պատռվեց, թե ինչ փուչիկ է:
– Միջամտո՞ւմ է Մանվել Գրիգորյանը:
– Բա Մանվել Գրիգորյանն է քաղաքապետը, Կարենն ո՞վ է: Հիմա էլ ելույթ է ունենում, որ քառօրյա պատերազմից Արթուր Թումանյանը փախել է, իրեն չընտրեք: Ես պատերազմից ո՞նց կփախնեմ: Կամ դու գնացիր պատերազմ ի՞նչ արիր: Հեր ու տղա սելֆի արիք, թալան արիք, էն ՈՒԱԶ-ներն էլ որ պիտի թողեիք դիրքերում զինվորները քշեին, վերցրել, բերել լցրել ես ձեր տունը:
Հնչեցված մեեղադրանքների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Կարեն Գրիգորյանից: Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել՝ հորդորելով դիմել իր շտաբի ներկայացուցիչ Վարդան Վարդանյանին:
– Պարոն Վարդանյան, Արթուր Թումանյանն ասում է Կարեն Գրիգորյանի թիմը ընտրակաշառք է բաժանում՝ 10 հազար դրամ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
– Խնդրում եմ մատնացույց անել էդ փաստերը: 10, 20 հազար դրամ կարող է իրենք են բաժանում: Կարեն Գրիգորյանի ընտրական շտաբը, ընտրական թիմը նման բան չի անում: Բացարձակ սուտ է: Թող մի հոգու ցույց տան: Ես հավատում եմ, որ իրենք կանեն, որովհետև իրենց ոճն է: Իրենց մոտ պրոֆեսիոնալ ընտրակեղծարարների թիմ է: Տարիներ շարունակ կեղծիքներ արել են: Ովքե՞ր են նրանց թիմում՝ նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյան, Հակոբ Հակոբյան (Ճոյտ): Մամուլում նայեք 2008 թվականի հրապարակումները՝ Ճոյտի մասին: 2008-ին Ճոյտը ՀՀԿ թեկնածուն էր, իրեն սատարում էր կառավարող կոալիցիան, փորձում էին խախտումներ անել, այնպիսի մթնոլորտ էր, որ եթե էլցանցի պետ, գազի պետ, սոցիալ հիմնադրամի տարածքային կազմակերպության պետ չէին ընդգրկվում Ճոյտի ընտրական շտաբում, էդ մարդկանց գործից հեռացնում էին ու Ճոյտի գրասենյակից էին մարդ ընդունում: Այսինքն կեղծիքներ անելը իրենց ոճն է: Վերջում ինքը 22 տոկոս ստացավ, Կարեն Գրիգորյանը 78: Հիմա էլ հենց այնպես առաջադրվել են, ջուր պղտորելու համար: Ես ասում եմ՝ էդ մարդը թեկնածու չի, համոզել, ստիպել են: Ճար ունենար՝ չէր առաջադրվի:
– Լարվածություն կա՞ Էջմիածնում:
– Ոչ մի լարվածություն չկա: Կարեն Գրիգորյանը հանդիպումներ է անցկացնում օրը 3-4 անգամ, լինում են դահլիճային հանդիպումներ կոլեկտիվների հետմ, լինում են բացօթյա հանդիպումներ բակերում, թաղամասերում: Նախընտրական ծրագիրն է ներկայացվում: Իսկ մյուս 2 թեկնածուներն ընդհանրապես ոչ հանդիպում չեն անցկացնում: Էդ մարդիկ պատկերացում չունեն ինչ է տեղական ինքնակառավարման համակարգը: Իրենք մտածում են քաղաքապետն ինչ ուզի, ոնց ուզի կանի: Էդ թեկնածուն, որի անունը տվեցիր, ժամանակին եղել է ավագանու անդամ ու իր առաջարկով Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչում են տվել, տեսագրությունն էլ կա թե ոնց էր քծնում:
– Ասում է, որ իրեն մեղադրում եք Ապրիլյան պատերազմից փախնելու մեջ, մինչդեռ Կարեն և Մանվել Գրիգորյանները պատերազմի դաշտ են գնացել սելֆի անելու համար:
– Իրոք ինքը ապրիլի 1-ին թռել է Հայաստանից ինքնաթիռով, իսկ Կարեն Գրիգորյանը գնացել՝ զենքը ձեռքին կանգնել է ապրիլի 2-ից: Փաստ է, անհերքելի փաստ:
– Իսկ ի՞նչ կասեք թալանի, ՈՒԱԶ-ների մասին:
– Թող ի՞նչ կլիներ մի 5-10 հազար հոգի գնային թալան անեին, էլի: Հիմա երևի էն մի քանի բարձունքն էլ հետ բերած կլինեին: Տաք տեղից խոսելը հեշտ է: Իսկ ՈՒԱԶ-ներ իհարկե չի բերել, էդ որ ասում են կարո՞ղ են ցույց տալ, ապացուցել: Ուր են էդ ՈՒԱԶ-ները: Դա լկտի սուտ է»: